Thursday, April 7, 2011

Համակարգն է ծնել անարդարություն, կոռուպցիա, աղքատություն, արտագաղթ. ՍԴՀԿ ԿՎ անդամ

«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության անդամ Վահան Շիրխանյանը (առանց կրճատումների)
-Ինչու՞ չեք մասնակցում Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին:
-Իսկապես վերջին ժամանակներում ՀԱԿ-ի հանրահավաքներին չեմ եղել, բայց բոլոր ելույթներին ծանոթանում եմ: Ցավոք, դրանք կրկնվող են, եւ նոր բան չի ասվում:

-Դուք իշխանափոխության խնդիր դրել եք Ձեր առաջ:
-Քանի դեռ Հայստանում կա լիբերալ համակարգը, անձերի փոփոխությունը ոչ մի արդյունք չի տա: Մենք պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժի հետ, որը կհայտարարի իր քաղաքական նպատակը` Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փոփոխություն , ոչ թե կոսմետիկ այլ համակարգային փոփոխությունները: Համակարգն է ծնել անարդարություն, կոռուպցիա, աղքատություն, արտագաղթ, համակարգի պարտադրանքով է քայքայվել երկրի արդյունաբերությունը, գիտությունը, գյուղատնտեսությունը: Հայաստանի համար կանխորոշել են սպասարկող երկրի ապագա, ինչը չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, հայության համախմբումը և Հայրենիքի զարգացումը:

-Համարում եք, որ ընդդիմությունը սխալ ճանապարհո՞վ է գնում:
-Նայած թե ի՞նչ նպատակ է հետապնդում տվյալ ընդդիմադիր շարժումը: Դա կարող է լինել պայքար իշխանության համար, պայքար ազգային խնդիրների լուծման և Հայրենիքի զարգացման համար, պայքար արտաքին պատվերի կատարման համար, պայքար քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման համար: Պարզ է, որ այս բոլորի համատեղումը անհնար է ու միանշանակ պատասխան տալը դժվար է:

-Որպես նախկին փոխվարչապետ, ներկա կառավարությանը ի՞նչ գնահատական կտաք:
-Կառավարությունը ինքնահոս վիճակում է, պրոցեսը գնում է, ինքն էլ փորձում է այդ պրոցեսի ընթացքում գտնել իրեն հարմար դիրք :

- Ո՞րն է երկրի փրկության Ձեր մոդելը:
-Համախմբումը ազգային խնդիրների կատարման շուրջ: Հայաստանը պետք է ունենա զարգացման երկարաժամկետ ազգային ռազմավարություն, որում հստակ նշված լինեն արդյունաբերության զարգացման առաջնահերթությունները, գյուղատնտեսության զարգացման ուղղությունները, գիտության խնդիրները Հայաստանի ազգային անվտանգության ապահովման գործում: Նկատի ունենալով Հայաստանի շրջափակվելիության հավանականության գերբարձր աստիճանը, Կառավարությունը պետք է հասնի Հայաստանի պարենային և էներգետիկ ինքնաապահովման վիճակի: Այս բոլորի, ինչպես նաև արտագաղթը կասեցնելու, աղքատությունը հաղթահարելու, սոցիալական արդարության հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր Համակարգ, նոր Սահմանադրություն, իշխանության նոր փիլիսոփայություն, որը քաղաքացուն կտա աշխատանք, օրենքով պաշտպանվածություն և արժանապատվորեն ապրելու հնարավորություն:

-Հիմա նոր գրանցված կուսակցություն ունեք, որպես քաղաքական միավոր ի՞նչ խնդիր եք դրել Ձեր առաջ:
-Այնքան էլ նոր չենք, ընդամենը 124 տարեկան: Կուսակցությունը սոցիալիստական գաղափարախոսության կրող է, սոցիալ դեմոկրատական արժեհամակարգի կողմնակից: Կուսակցության ծրագրի հիմքում սոցիալական արդարության, ազատության, հավասարության, արժանապատվորեն ապրելու խնդիրներն են, այսինքն ,այն ինչ այսօր առավել քան արդիական է և կուսակցությունը պատրաստվում է լուրջ մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական զարգացումներում::

- Ինչու՞ էիք մեկնել Փարիզ:
-Ֆրանսիայի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը անցկացնում էր կոնֆերանս` նվիրված Հարավային Կովկասում կայունության, անվտանգության եւ խաղաղության խնդիրներին: Բարձր ներկայացուցչական կազմ էր , շատ լուրջ ելույթներ եղան ու բավականին հայանպաստ:

-. Փարիզում ունեցած Ձեր ելույթում նշում եք, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ լինելով պնդում են, որ իրենց նպատակը հակամարտությունների կարգավորումը եւ խաղաղության հաստատումն է, ինչը Դուք համարումեք պարադոքս: Ո՞րն է այդ ամենի պարադոքսը:
-Պարադոքսը նրանում է, որ ոչ միայն հարավկովկասյան 3 պետությունները, այլև ԵԽ-Ն, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, համանախագահող երկրները խոսում են խաղաղության մասին և միևնույն ժամանակ սրնթացորեն միլիտարիզացնում են տարածաշրջանը: Այսօր Հարավային Կովկասը աշխարհի ամենամիլիտարիզացված ռեգիոններից մեկն է::Իսկ խաղաղության հասնելու համար պետք է գնալ ապառազմականացման ճանապարհով: Հետևությունը մեկն է՝ միջազգային ուժերը Հարավային Կովկասը, գործնականում, տանում են դեպի մեծ պատերազմ: Պարադոքսը սրանում է:

- Ինչու՞ է Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի շահերը միմյանց հակասական ու իրարամերժ:
- Ակնհայտ է նրանց մոտեցումների անհամատեղելիությունը առկա հակամարտությունների Արցախ, Աջարիա, Աբխազիա, Հարավօսեթիա կարգավորման հարցերում: Տարբեր են նրանց մոտեցումները նաև տարածաշրջանը միջազգային տնտեսական ծրագրերի մեջ ընդգրկելու հարցերում:

- Նախագծվել է կառուցել Հայաստանը շրջանցող նավթամուղ, գազամուղ, երկաթգիծ: Ձեր կարծիքով ինչու՞ է անտեսվել Հայաստանը:
- Սա հաջորդ պարադոքսն է՝ Հայաստանի հաշվին փորձում են ապահովել Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի շահերը:

-Հարավային Կովկասում որոնք են քաղաքական ու ռազմական կոնֆլիկտները:
-Արցախ, Հարավային Օսեթիա, Աբխազիա, Ջավախք, Բորչալու, Հարավային Լեզգիստան, Տալիշստան, Նախիջևան:

- Ձեր կարծիքով ստատուս-քվոն պահպանելու դեպքում պատերազմի վտանգ կա՞:
-Ոչ: Հարավկովկասյան հակամարտությունները պետք է կարգավորվեն միաժամանակ՝ իրատեսական, նախահամաձայնեցված, քաղաքական, իրավական, պատմական արդարության վրա կառուցված համալիր ծրագրի հիման վրա: Ստատուս-քվոյի խախտումը որևէ հատվածային լուծման համար հղի է պատերազմների վերսկսման վտանգով:

-Դուք ասել եք նաև, որ հայությունը հարյուրավոր տարիներ քայլել է կորուստների ճանապարհով: Ո՞րն է ելքը:
-Համախմբումը և գիտակցումը: Մեր միակ ձեռքբերումը Արցախն է: Արցախը և Ջավախքը կորցնելու գնով հասնել բարեկեցության, առավել ևս խաղաղության անհնար է, ինքնախաբեություն և դավաճանություն է: Դա կլինի ընդամենը հաջորդ՝ Հայաստանը կորցնելու սկիզբը:

– Փարիզում Դուք ասել եք, որ 17 տարիների հարաբերական խաղաղության համար պարտական ենք Ռուսաստանին : Ինչու՞:
- Դա ակնհայտ է: Թուրքիան և Ադրբեջանը վաղուց սկսած և ավարտած կլինեին հարյուրամյակների պատմություն ունեցող իրենց սև գործը, եթե Հայաստանում չլիներ Ռոսական Ռազմական բազան և Հայաստանը չլիներ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակիցը: Այլապես ինչու՞ էին Հայաստանանին, միջազգային ամենաբարձր ատյաններում «կպցնումե ագրեսորի, օկուպանտի պիտակները: Միայն 1993-1994 թվականին Թուրքական բանակը երկու անգամ պատրաստ է եղել ներխուժել Հայաստան, և միայն Ռուսաստանի շնորհիվ է չեզոքացվել այդ սպառնալիքը: Հիմա Նախիջևանն է դարձրել ռազմական պլացդարմ ընդդեմ Հայաստանի և Իրանի:

No comments: