Saturday, April 2, 2011

Ջավախահայ գործիչները Հայաստանի իշխանություններին կոչ են անում պահանջներ ներկայացնել Վրաստանին

Tert.am. 1-4-2011- Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հարաբերություններում Ջավախքը պետք է վերածվի բարեկամության գործոնի, այնինչ այսօր ընդամենը գործիք է դարձել։ Այսօր հրավիրված ասուլիսին այսպիսի մտահոգություն հայտնեցին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը և «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը։
Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են անում լրջորեն զբաղվել Ջավախքի խնդիրներով, այդ առնչությամբ Վրաստանի իշխանություններին պահաջներ ներկայացնել, բարձրացնել Ջավախքին ինքնավարություն տալու հարցը, ինչպես նաև ջավախցիների համար հեշտացնել Հայաստանի սահմանը հատելու ընթացակարգերը։ Բանախոսների կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները Ջավախքի հայաթափման և վրացականացման քաղաքականություն են վարում։

«Այսօր շատ բարդ վիճակ է Ջավախքում քաղաքական, սոցիալ-տնտեսական առումով։ Փակում են հայկական դպրոցները, կրճատում հայ մասնագետներին և հայերենի դասաժամերը։ Արդեն Ջավախքի դպրոցների վրա ճնշումներն ու վախի մթնոլորտն այն աստիճանի են հասել, որ չեմ կարծում, թե մի դպրոցում այսուհետ հայ ժողովրդի պատմություն կդասավանդվի։ Եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենան, ինչ-որ հարցեր լուծում կստանան»,– ընդգծեց Արտակ Գաբրիելյանը։ Ջավախքում իրականացվող վրացականացման արդյունքում, ըստ բանախոսի, չի բացառվում, որ հայերը Ջավախքում ազգային փոքրամասնություն կազմեն։

«Վրաստանի ոչ մի կառավարություն, եթե անգամ շատ ցանկանա, Ջավախքը չի կարող ջնջել աշխարհի երեսից։ Ջավախքի ինքնավարությունն այլընտրանք չունի»,– ընդգծեց Արաբյանը՝ հավելելով, որ այսօր, սակայն, Ջավախքի թեման արծարծվում է միայն ընտրությունների նախաշեմին՝ «քաղաքական դիվիդենտներ շահելու համար»։

«Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները դեմքով դեպի գյուղ շրջվելու քաղաքականություն են վարում։ Միայն պետք է հիշեն՝ Ջավախքն էլ գյուղ է, և Ջավախքի գյուղացուն պահելու խնդիր, ներդրումներ անելու խնդիր կա, որ նա չատագաղթի»,– ասաց նա։

Վալերի Արաբյանը նաև նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Սամցխե–Ջավախքում առանձին թեմ ունենալու հարցն է բարձրացվել, սակայն «ցավոք Խրիմյան Հայրիկից հետո մինչ օրս ոչ մի կաթողիկոս չի այցելել Ջավախք»։ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Վրաստան կատարելիք առաջիկա այցից բանախոսներն ակնակալիք չունեն. «Եթե գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, նրա այցի իմաստը չկա։ Եթե ցանկություն ունենա, կաթողիկոսն այցի ընթացքում հարցեր կարող է լուծել»։

Բանախոսները նաև նշեցին, որ վրացական իշխանությունների վրացականացման քաղաքականությունը միայն հայերի նկատմամբ չի վարվում, Վրաստանում ապրող ադրբեջանցիներն էլ են նույն խնդիրներին առնչվում։ «Եթե Ջավախքի դպրոցի տնօրենը, ասենք, հայ է, ապա ադրբեջանական դպրոցինն արդեն վրացի է։ Եթե կոպիտ ասենք՝ Վրաստանում ադրբեջանիցները մեզանից մի քայլ հետ են»,– նշեց Արտակ Գաբրիելյանը։

Ներկայումս Ջավախքում ապրող հայերի թիվը կազմում է շուրջ 200 հազար։

Բանախոսները նշեցին, որ Ջավախքի խնդիրներով զբաղվող կազմակերպությունները հաճախ միասնական տեսակետ չեն հայտնում, ինչն էլ խոչընդոտում է խնդիրների լուծմանը։

No comments: