Saturday, April 9, 2011

Իսրայելի կողմից Հայաստանը վտանգավոր երկիր դիտարկելը անհանգստացնող է. հոգեւորական

News.am. 9-4-2011- Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբի կողմից Հայաստանը որպես ահաբեկչության առումով վտանգավոր երկիր դիտարկելը անսպասելի նորություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, Հայր Վազգենը` անդրադառնալով նշված շտաբի կողմից ապրիլի 7-ին տարածված հայտարարությանը, որի համաձայն իսրայելցիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Հայաստան եւ Վրաստան այցելություններից:
«Ես զարմացա այս լուրը լսելով, ինձ զարմանք է պատճառում այն, որ Հայաստանը ներկայացվում է որպես վտանգավոր երկիր, ուր այցելող իսրայելցիներին կարող է վտանգ սպառնալ: Այստեղ նման խոսակցություններ չեն շրջանառվել, եւ եթե անգամ խոսվել է այդ մասին, ապա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեին կամ խմորումներ լինեին»,-հայտարարեց Հայր Վազգենը:

Ինչ վերաբերում է տեղի հայ համայնքի նկատմամբ Իսրայելի իշխանությունների վերաբերմունքին, ապա Հայր Վազգենի խոսքով, Իսրայելի իշխանությունները հայերի նկատմամբ ցուցաբերում են ոչ շատ լավ, ոչ էլ շատ վատ վերաբերմունք: «Նրանք հայերին չեն դիտարկում որպես յուրայիններ` իսյայելցուն համահավասար, հետեւապես գրկաբաց չեն ընդունում»,-նշեց նա: NEWS.am-ի զրուցակցի խոսքով` Իսրայելում ծնված եւ մեծացած հայերն ավելի մեծ առավելություն ունեն, քան Հայաստանից եկածները` անկախ իրենց կեցության կարգավիճակից:

Խոսելով Իսրայելի հայ համայնքի խնդիրների եւ մարտահրավերների մասին`Հայր Վազգենն ասաց, որ համայնքին առնչվող ամեն մի հարց լուծվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի միջոցով: Ըստ նրա` ակտիվ են նաեւ քաղաքական կազմակերպությունները`ի դեմս հայ ավանդական կուսակցությունների` Հնչակյանների, Ռամկավարների եւ Դաշնակցության, որոնք լավ հարաբերությունների մեջ են Իսրայելի պետական եւ քաղաքական իշխանությունների հետ:

«Նրանք ժամանակ առ ժամանակ ներկայացնում են Հայոց Ցեղասպանության հարցը, սակայն մինչեւ օրս մեծ առաջընթացներ չեն գրանցվել: Պատճառն այն է, որ Իսրայելում գերակշռող է հոգեւոր դասը, որը ճնշում է քաղաքացիական դասի գործունեությունը եւ կաշկանդում նրանց»,-հայտարարեց Հայր Վազգենը:

Հիշեցնենք, որ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը, որը ներառված է Ազգային անվտանգության խորհրդի կառույցում, ապրիլի 7-ին տեղեկություն է տարածել, որի համաձայն Պեսախ տոնի նախօրեին իսրայելցիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Հայաստան եւ Վրաստան այցելություններից: «Այդ երկրներում կա վտանգ, որ իսրայելցիներին կառեւանգեն «Հըզբոլլահի» կամ «Համասի» ահաբեկիչները: Ինչպես նշվում է Շտաբի պաշտոնական կայքում, այդ երկու երկրներում գոյություն ունի «կոնկրետ սպառնալիք»: Միաժամանակ, վտանգավոր երկրների ցանկում են նաեւ Ադրբեջանն ու Տաջիկստանը»:

No comments: