Saturday, April 9, 2011

ԵՄ-ն լռում է պատերազմ հրահրող Ադրբեջանի հարցում, քանի որ այն նավթի մատակարար է. Frankfurter Rundschau

Tert.am. 8-4-2011- Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը շարունակվում է, Ադրբեջանն ու Հայաստանը զինվում են: Այսպես է սկսվում գերմանական Frankfurter Rundschau թերթում հրապարակված հոդվածը, որը վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմի հավանականությանը:
Հոդվածագիր Նադյա Էրբը գրում է, որ Վրաստանում ռազմական գործողությունների ավարտից արդեն անցել է երեք տարի, և Կովկասին նոր պատերազմ է սպառնում՝ ավելի արյունալի ու երկար, քան 2008 թվականինը և Եվրոպայի անվտանգության համար ավելի քիչ կանխատեսելի հետևանքներով: «Սակայն միջազգային հանրությունը և հատկապես՝ Եվրամիությունը, մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմ հրահրող Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարար է և կարևոր գործընկեր Nabucco նախագծի իրականացման համար»,- գրում է Էրբը և նկատում, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 45 տոկոսով՝ մինչև 3 մլրդ դոլար:
Frankfurter Rundschau-ի հոդվածագիրը նշում է, որ տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած 1990-ականների հայ-ադրբեջանական առաջին պատերազմից ի վեր կողմերը շարունակել են զինվել, և բախման արագ ավարտ, ինչպիսին եղավ Վրաստանում, հնարավոր չէ, քանի որ կողմերի միջև գոյություն ունի հավասարակշռություն:
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հնարավոր պատերազմի հետևանքները, հոդվածագրի համոզմամբ, աղետալի կլինեն Եվրոպայի անվտանգության համար, քանի որ վտանգ կա, որ հակամարտության մեջ կներգրավվեն նաև տարածաշրջանային տերությունները՝ Ռուսաստանը և Թուրքիան: Բացի այդ, տարածաշրջանի ապակայունացումը իրենց օգտին կարող են օգատգործել իսլամիստները՝ մարդկանց իրենց շարքերը հավաքագրելով:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ պայքարը, ինչպես նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի շուրջ վեճերը, ևս մեկ ապացույց է այն բանի, թե ինչպես են չլուծված հակամարտությունները արգելակում տարածաշրջանի ժողովրդավարացումը: Ադրբեջանի ինքնակալ նախագահ Իլհամ Ալիևը, որն իր պաշտոնը հորից ժառանգել է 2003 թվականին, հաճույքով այս հակամարտությունն օգտագործում է, որպեսզի իր ժողովրդի ուշադրությունը շեղի ներքաղաքական խնդիրներից:
Միևնույն ժամանակ, տարբեր երկրների կոռուպցիայի մակարդակը բնութագրող՝ Transparency International կազմակերպության ցուցակում Ադրբեջանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 134-րդ տեղը, ինչը ապացույցն է այն բանի, որ հումքային հարստությունն օգտագործվում է առաջին հերթին իշխանական էլիտաներին հարստացնելու նպատակով: Ավելի վատ է իրավիճակը ազատ մամուլի հարցում. Բաքվի վարչակարգը հետապնդում է իրեն քննադատող լրագրողներին:
Այս երկիրը արդեն տասը տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ է, նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից է և պարտավոր է բարեփոխումներ իրականացնել, սակայն այն շատ հեռու է լիարժեք ժողովրդավարության կարգավիճակին հասնելուց: Դրանում մեղավոր է նաև Եվրամիությունը»,- գրում է Frankfurter Rundschau-ի հոդվածագիրը:

No comments: