Thursday, April 7, 2011

Թուրքիայում արգելված գիրքը կարդում են նախարարներն ու պատգամավորները

Թուրք պատգամավորները հենց խորհրդարանի շենքում կարդում են երկրում արգելված և համացանցում տարածված «Իմամի բանակը» գիրքը։
Թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից պատգամավոր, Արդարադատության հանձնաժողովի անդամ Իհսան Քոջան նիստի ժամանակ կարդում գրքի էլեկտրոնային տարբերակը։
Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարար Նիհաթ Էրգյունը խոստովանել էր, որ ինքը համացանցից ներբեռնել և կարդացել է «Իմամի բանակը» գիրքը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ստամբուլի քրեական դատարանը որոշում էր կայացրել «Էրգենեքոնի» գործով կալանավորված թուրք լրագրող Ահմեդ Շըքի՝ դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի պատճենների հայտնաբերման և ոչնչացման մասին, որից հետո թուրք իրավապահները խուզարկություններ էին անցկացրել թերթերի խմբագրություններում և հրատարակչատներում։
Իսկ օրեր առաջ համացանցում տարածվել էր գրքի բնօրինակը, որը հաշված ժամերի ընթացքում ներբեռնել էր ավելի քան 100 հազար օգտատեր։

No comments: