Saturday, April 9, 2011

Լեհաստանը հնարավոր է համարում, որ ԵՄ-ում իր նախագահության ընթացքում Ղարաբաղում հակամարտությունը կարող է վերսկսվել

Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների՝ ապրիլի 12-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման օրակարգում ներառված է նաեւ Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քննարկումը։ «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը «Ազատություն» ռադիոկայանի հայատանյան ծառայությանը ասել է, որ Եվրամիությունն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից։
«ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները, սակայն նրանք արդիական են համարում նաեւ Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։ Այս հարցով ծայրահեղ մտահոգ է հատկապես Լեհաստանը»,- ասել է Յոզվյակը։
Նշենք, որ Լեհաստանն այս տարվա ամռանից կստանձնի ԵՄ նախագահությունը։

«Երեկ ես զրուցեցի լեհ բարձրաստիճան մի դիվանագետի հետ, ով անհանգստություն հայտնեց, որ իրենց նախագահության օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է նմանվել Հարավային Օսիայի հակամարտությունը, այսինքն՝ Ղարաբաղում հակամարտությունը կարող է վերսկսվել»,- ասել է Յոզվյակը։

Նա նաեւ հայտնել է, որ զրուցել է Եվրահանձնաժողովի մի բարձրաստիճան դիվանագետի հետ, ով եւս ասել է, որ «շատ մտահոգված է հատկապես նրանով, որ Ադրբեջանի կառավարությունը սպառազինման համար մեծ գումարներ է ծախսում»: Ինչպես հայտնել է Յոզվյակը, այդ չինովնիկը դա «շատ անհանգստացնող զարգացում է» համարել։

Յոզվյակի խոսքով, չարժե սպասել, որ ապրիլի 12-ին ԼՂՀ հարցով որեւէ բանաձեւ կընդունվի։

No comments: