Friday, April 8, 2011

ԵԽԽՎ նստաշրջանը կրկին ընթանալու է թուրք երկգլխանի նախագահությամբ. Նաիրա Զոհրաբյան

Tert.am. 8-4-2011- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությոնը չի կարող նպաստել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Tert.am-ին այսպիսի տեսակետ հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Հայկական պատվիրակության՝ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների կարծիքով՝ այդպիսի ենթահանձնաժողովի գործունեությունը ԵԽԽՎ ձևաչափում չի կարող նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին»,– ասաց նա։
Ապրիլի 11–ից 15–ը Ստրասբուրգում կայանալու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ Թեև նստաշրջանի օրակարգում Հայաստանին անմիջականորեն առնչվող որևէ հարց չի քննարկվելու, սակայն, ինչպես հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն (ազգությամբ թուրք), այս նստաշրջանում նախատեսվում է վերսկսել ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։

Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է հիշյալ ենթահանձնաժողովի հետ կապված ներկայացնել իր կուսակցության տեսակետը՝ համաձայն որի, ԲՀԿ-ն կտրականապես դեմ է, որ վեհաժողովի ֆորմատում նման ենթահանձնաժողով աշխատի։ «Ես կարծում եմ, որ պատվիրակության մյուս անդամները ևս պաշտպանում են այդ տեսակետը, բայց թե ինչ կոնկրետ մոտեցում կընտրի պատվիրակությունը, պարզ կլինի նիստի ընթացքում»,– ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի ձևակերպմամբ՝ «ԵԽԽՎ այդ նստաշրջանը կրկին ընթանալու է թուրք երկգլխանի նախագահությամբ», այսինքն՝ վեհաժողովի թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թուրք նախագահ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ։ Ըստ պատգամավորի՝ նստաշրջանում նախատեսվում ենէ ինչպես Դավութօղլուի, այնպես էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները։

«Բնականաբար, մեր պատվիրակությունը բազմաթիվ հարցեր ունի ուղղելու թե´ Դավութօղլուին, թե´ Էրդողանին։ Մեզ անմիջականորեն վերաբերող հարց չկա, բայց կան բազմաթիվ զեկույցներ, որոնց համատեքստում ես բարձրացնելու եմ մեր արտաքին քաղաքական օրակարգում գտնվող գերակա խնդիրները»,– նշեց Զոհրաբյանը։


No comments: