Friday, April 8, 2011

ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կամ հայաստանցիների անհավանական վերաբերմունքը իրանցիների նկատմամբ

«ԱԶԳ» , 08-04-2011- Ներկած ձու, նախօրոք աճեցրած գարու կամ ցորենի ծիլեր, չիր-չամիչ, տոնական թխվածք եւ այլն: Սա ամենեւին էլ քրիստոնեական Զատկի սեղանի նկարագրությունը չէ. այսպես, ավելին, նաեւ գինով, իրենց սեղանը զարդարում են զրադաշտական պարսիկները Նովրուզ Բայրամ տոնին: «Նովրուզ» հին պարսկերենով նշանակում է «նոր օր», «բայրամ»` տոն: Հետեւաբար Նովրուզ Բայրամը ամենեւին էլ չի կարելի համարել զուտ մահմեդական տոն, այն խորհրդանշում է գարունն ու բնության զարթոնքը, այլ կերպ` նոր տարին: Մահմեդական երկրներում, հիմնականում մեր հարեւան Իրանում, տոնը նշվում է մարտի 21-22-ից մինչեւ երկու շաբաթ: Հնագույն ժամանակներից ի վեր` Նովրուզի ժամանակ մարդիկ, զարթնելով վաղ առավոտյան, չեն աշխատել, անգամ գյուղացիները դաշտային աշխատանքներով չեն զբաղվել: Այդ օրերին կատարվում են տարբեր տոնախմբություններ, տիրում է ուրախություն, մարդիկ շնորհավորում են միմյանց նոր տարվա կապակցությամբ եւ քաղցրավենիք հյուրասիրում: Ինչպես վերջին տարիներին, այս տարի նույնպես, Նովրուզ Բայրամի կապակցությամբ Հայաստան են ժամանել բազմաթիվ իրանցիներ, ինչպես նշում են մեր շատ հայրենակիցները` «պարսիկներն էլի եկան...»:


«Ոչ վրացիներին, ոչ ադրբեջանցիներին, ոչ պարսիկներին, ոչ թուրքերին»
Ինչպես վերջին տարիներին, այս տարի նույնպես, «պարսիկներն էլի գնում են» նաեւ հարեւան Ադրբեջան: Այսինքնՙ Երեւանն ու Հայաստանը ամենեւին էլ իրանցիների համար Նովրուզ Բայրամ նշելու միակ հարմարավետ եւ մատչելի ուղղությունը չեն: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, իրանցի զբոսաշրջիկ մեր զրուցակիցը Հայաստանում «ավելի անվտանգ միջավայր» է տեսնում. «Մենք զգում ենք, թե ինչպես են ոստիկանները հսկում քաղաքի կարգուկանոնը. ամեն ինչ արվում է, որ մենք որեւէ խնդիր չունենանք այստեղ», նշում է իրանցի օրիորդը: Մեկ այլ հարց է, թե «հանրահավաքային այս սեզոնին» միայն իրանցիների՞ անդորրն են հսկում հայրենական ոստիկանները, այստեղ մենք կփորձենք հասկանալ պարզապես, թե ինչո՞ւ մեր բոլոր հարեւանների հետ հարաբերվելիս, իսկ փոխադարձ այցելությունները հարաբերվելու լավագույն վկայությունն են, մենք հաճախ ենք օգտագործում «ոչ» բառը: Եթե վրացիների պարագայում, մոռանալով Հայաստանում գտնվող եկեղեցիների վիճակը, «նեղացել» ենք վրաց պետության անտարբերությունից այնտեղ գտնվող մեր ճաքապատ եկեղեցիների նկատմամբ, մոռանալով հատկապես շրջաններում սաստկացած արտագաղթը, բողոքում ենք Ջավախքի հայաթափումից, իսկ թուրքերին եւ ադրբեջանցիներին ասվող «ոչ»-ը ինչ-որ չափով հասկանալի է, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ «ոչ» Իրանի, կոնկրետ` իրանցիների հետ հարաբերություններին: Հենց այս հարցի պատասխանը որոնելով` մենք մայրաքաղաքում գտանք մի խումբ իրանցիների, եւ մի քանի հարցում անցկացրինք մեր հայրենակիցների հետ: «Ինչո՞ւ ոչ պարսիկներին,- հարցս կրկնում է երեւանցի 42-ամյա գործազուրկ Գագիկը,- որովհետեւ մուսուլման են, մուսուլմանը` մեզ ի՞նչ բարեկամ»: Իսկ ե՞րբ եք վերջին անգամ այցելել եկեղեցի, հարցնում եմ Գագիկին. «Ո՞վ է հիշում, բան ու գործ չունեմ, պիտի եկեղեցի գնա՞մ»: Իրանցի 22-ամյա ուսանող Ահմեդը, որը ամենայն հավանականությամբ Վերնիսաժում էր գնել հագի «Ես հայ եմ» մակագրությամբ շապիկը, ասաց. «Երեւանում ենք արդեն 5 օր, վարձել ենք բնակարան` Շենգավիթում: Ամեն օր պարտադիր այցելում ենք ձեր քաղաքի Կապույտ մզկիթը, բայց դա չի խանգարում այցելել ձեր եկեղեցիները, եղել ենք արդեն Գեղարդում: Հայաստանում բնակվող ընկերս ասում է, որ ամռանը ավելի հաճելի է այնտեղ գնալը, նրան խոստացել եմ, որ այս ամռանը նորից կգամ...»: Ահմեդի այս բառերը պարսկերենից մեզ համար թարգմանեց խմբի թարգմանչուհի Թագուհին, որը, ավարտելով ԵՊՀ պարսկագիտության ֆակուլտետը, դեռեւս հինգ օր առաջ անգործ էր:

Հաջորդ «մեղադրանքը» իրանցիների հասցեին լսեցինք երիտասարդ Նարեկից, որը ընկերների հետ Հանրապետության հրապարակում զբաղված էր աղջիկների հետեւից նայելով. «Ինձ դուր չեն գալիս, որ Երեւանում էսքան պարսիկներ են եկել: Գալիս են ու իրենց ընենց են պահում, ոնց որ իրենց տանը լինեն: Բա, նկատե՞լ ես, մեր աղջիկներին ոնց են նայում...», այս հարցը ինձ ուղղելով` Նարեկը, ընկերների հետ, թերեւս «իրեն ինչպես տանը զգալով», հեռացավ. «Գնանք մի տեղ նստենք, առավոտից հաց չեմ կերել...», ասելով:

Փորձելով հասկանալ, թե այդ ինչպե՞ս են իրանցիները նայում մեր աղջիկներին, մոտենում եմ անցնող աղջիկներից մեկին` մեկ-երկու հարց տալու, մոտենում եմ երկրորդին, երրորդին, չորրորդին, աղջիկների խմբի... ապարդյուն, հայ օրիորդները, նույնիսկ չիմանալով, թե կոնկրետ ի՞նչ եմ իրենց հարցնելու, չցանկացան զրուցել: Դիմացից անցնող իրանցի երիտասարդներից մեկը մոտեցավ նույն խմբին եւ կոտրտված անգլերենով հարցրեց. «Ինչպե՞ս կարող ենք գնալ Մաշտոցի պողոտա», հայ օրիորդները պատրաստակամ պատասխանեցին, էլի կոտրտված անգլերենով, բայց ժպիտով...
Փաստորեն, եթե փորձենք վերլուծել հայ-իրանական պատկերը, որին ականատես ենք լինում այս օրերին Երեւանի փողոցներում, կարելի է արձանագրել մի քանի բան. նախ, եթե մեզանից շատերը չեն ընդունում իրանցիներին, ապա զուտ վերջիններիս մահմեդական լինելու առումով, ինչը, կարծում ենք, անթույլատրելի է: Երկրորդ` հայ երիտասարդ տղաները, հիմնականում ոչ լայն աշխարհայացքով (ցավոք` շատերը) պարզապես խանդում են իրանցի երիտասարդներին: Սա նույնիսկ թույլատրելի չենք որակի, այլ` մանկական: Սակայն, միեւնույն ժամանակ, ինչպես մյուս այլազգիների, այնպես էլ իրանցիների նկատմամբ մեր օրիորդները շատ ավելի սիրալիր են. եթե հայ երիտասարդ լրագրողի հարցին նրանք կարող են չպատասխանել` պարզապես լուռ անցնելով, ապա իրանցի ուսանողի հարցին նրանք կպատասխանեն` ժպիտով: Անշուշտ, այս թերեւս ընդհանրական համայնապատկերում կարելի է նկատել նաեւ մեր այլ հայրենակիցների, որոնք ոչ միայն հանդուրժողաբար են տրամադրված հարեւան իրանցիների նկատմամբ, այլեւ մեծ սիրով են նրանց ընդունում, կան նաեւ չեզոք, անտարբեր հայաստանցիներ: Ի դեպ, մեզ արդեն ծանոթ Ահմեդին հարցնում եմ` որքանո՞վ եք Հայաստանում ձեզ զգում ինչպես տանը. «Ի՞նչ եք ասում. իհարկե Հայաստանում մենք չենք կարող զգալ մեզ այնպես, ինչպես Իրանում. անձամբ ես ռոք երաժշտության սիրահար եմ, Իրանում սա ընդամենը երազանք է, մինչդեռ ձեզ մոտ նույնիսկ փողոցում կարելի է լսել ռոք երաժշտություն»: «Իսկ ի՞նչ գնահատական կտաս հայ աղջիկներին» հարցիս Ահմեդը մեկ բառով, անգամ մեկ տառով պատասխանեց` «Օ...»: Ի դեպ, հետաքրքրական կլիներ պարզել, թե գիտե՞ն արդյոք իրանցի երիտասարդներին «հայ աղջիկներին նայելու մեջ մեղադրողները», թե ինչպե՞ս են նայում մեր հայրենակից երիտասարդները ռուս աղջիկներին Ռուսաստանում եւ «որքան շատ» են այնտեղ իրենց զգում «ինչպես տանը»:


«Մեկ օր Հայաստանում»
Ինչպես արդեն նշեցինք, իրանցի ուսանող Ահմեդն ու իր ընկերները վարձակալել են բնակարան Շենգավիթում: Բնակարանը վարձել է իրենց` Հայաստանում բնակվող ընկերը եւ ամեն ամիս վճարում է 60 հազար դրամ. Ահմեդի ընկերը մեր երկրում է արդեն մեկ տարի: Վերջինս որոշ հայերեն բառեր գիտի, սակայն ընկերների համար թարգմանչուհի Թագուհուն է հրավիրել, որին մինչեւ ապրիլի 6-ը զբաղեցնելու համար վճարելու են 500 ԱՄՆ դոլար: Թագուհին նշում է, որ համալսարանն ավարտելուց հետո չի կարողանում աշխատանք գտնել, սա շատ հարմար տարբերակ է, իմ մի շարք համակուրսեցիներ, տիրապետելով պարսկերենին, այսօր անգործ են»: Նա նաեւ տեղեկացրեց, որ հյուրերին ուղեկցում է ամենուր` խանութներում, տաքսիներում, գեղեցկության սրահներում, անգամ գիշերային ակումբներում: «Իրանում մենք նման հաճելի ժամանակ չենք կարող անցկացնել: Հայաստանում վիճակն այլ է, այստեղ բազմաթիվ գեղեցիկ խանութներ կան, գիշերային ակումբներ, որտեղ մեր պատվին նույնիսկ կազմակերպվում են խնջույքներ», ասաց Ահմեդի խմբից մի օրիորդ, որը չցանկացավ ներկայանալ:

Երեւանյան մի շարք գիշերային ակումբների գովազդային վահանակներին այս օրերին կարելի է կարդալ` «Պարսկական խնջույք»: Ինչպես մեր զրույցում նշեց այդ ակումբներից մեկի աշխատակից 25-ամյա Արամը` «պարսկական խնջույքները կազմակերպում ենք հատկապես այս ժամանակահատվածում, երբ Իրանից մեծ հոսք կա: Մեր այցելուները հիմնականում հենց իրանցի են լինում»: Բացի ակումբներից` մայրաքաղաքի հատկապես հագուստի խանութները նույնպես այս օրերին հաճախորդների պակաս չեն զգում: «Իրանցիները, հիմնականում, իհարկե, կանայք, գնում են ամենատարբեր իրեր` սկսած պայուսակներից, մինչեւ, ինչն ինձ համար զարմանալի է, բաց հագուստներ: Սովորաբար, երբ Երեւանում դադարում է իրանցիների հոսքը, մեր խանութները ֆինանսապես դա անմիջապես զգում են», ասում է Երեւանի կենտրոնի հագուստի խանութներից մեկի վաճառողուհի Լիլիթը: Իսկ իրանցու ինչի՞ն է պետք բաց հագուստը, հարցնում եմ իրանցի օրիորդին, որը զարմանքով պատասխանում է. «Ինչպես, թե ինչո՞ւ. հաջորդ տարի նույնպես պետք է գանք Հայաստան...»: Ի դեպ, Երեւանը, թերեւս աշխարհի այն եզակի քաղաքներից է, որտեղ կարելի է ոչ միայն «հիանալ պարսկուհու խորհրդավոր աչքերով», այլ նաեւ վարսերով: Մայրաքաղաքի մի շարք գեղեցկության սրահներ նույնպես ունեն բազմաթիվ իրանցի հաճախորդներ: Մտնելով դրանցից մեկըՙ ես առաջին հայացքից նույնիսկ չհավատացի, որ հենց նոր շիկահեր դարձած տիկինը պարսկուհի է: Հենց այսպես էլ վերադառնալո՞ւ եք Իրան, հարցնում եմ տիկնոջը. «Իհարկե ոչ, նոր ենք եկել ձեր երկիր, մեկնելիս նորից վարսերս կվերադարձնեմ նախկին տեսքին», ժպտալով ասում է պարսկուհին: Իսկ գեղեցկության սրահի աշխատակից Աստղիկը, իր խոսքերով, այս շաբաթ մի քանի տասնյակ պարսկուհիների է սպասարկել:

Վստահաբար նույն պատկերն է ռեստորաններում, հատկապես` ոչ թանկարժեք, քանի որ իրանցիները «էժանածախս» զբոսաշրջիկների համարում ունեն: Տաքսիստները նույնպես խիստ զբաղված են այս օրերին, նույնը` արագ սննդի կետերում: Հանրապետության մայրուղիների մայթերում առեւտրով զբաղվողները նույնպես էականորեն զգացին զբոսաշրջության բերած «մաքուր փողը»: Ընդ որում, ի տարբերություն, ասենք, եվրոպացու, իրանցին որպես կանոն մատուցված ծառայության դիմաց վճարում է «հայերիս սիրած» ձեւով` առձեռն:

Ո՞չ իրանցիներին

Ըստ Էկոնոմիկայի նախարարության վիճակագրության եւ վերլուծության բաժնի պետ Արթուր Լալայանի, այս տարվա ընթացքում, մինչեւ մարտի 21-ը Հայաստան են ժամանել 11 հազար իրանցիներ: Հատկանշական է, որ վերոհիշյալ իրանցիները ժամանել են նախքան Նովրուզի մեկնարկը, հետեւաբար` մարտի 21-ից հետո նրանց թիվը շատ ավելի մեծ կլիներ: Լալայանը ներկայացրեց նաեւ փաստեր` անցյալ տարվա ամբողջ մարտ ամսվա ընթացքում մեր երկիր են ժամանել 21 հազար իրանցիներ, ինչը 37 տոկոսով գերազանցում է 2009-ի ցուցանիշներին: Ամբողջ 2010-ի ընթացքում Իրանից Հայաստան են եկել 120 հազար իրանցիներ, 2009-ին այս թիվը կազմել է 87 հազար: Ինչպես նշում է Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը. «Վերջին տարիներին անցկացվել է պաշտոնական ուսումնասիրություն, պարզվել է, որ Իրանի մեկ քաղաքացին Հայաստանում այս օրերին կարող է ծախսել 700-800 դոլար»: Ապրեսյանը, սակայն, հայտնում է իր ենթադրությունը, որ այս թիվը կարող է հասնել 1000 դոլարի` չհաշված տրանպորտային ծախսերը: Մինչդեռ Լալայանը նշում է, որ մեկ իրանցին Հայաստանում անցկացրած այս օրերի ընթացքում ծախսում է 1200-1300 դոլար: Եթե նույնիսկ համարենք, որ Հայաստան ժամանած իրանցիների թիվը մարտի 21-ից հետո չի փոխվել, այսինքնՙ մնացել է 11 հազար, ու եթե ընդունենք, որ մեկ իրանցին միջինը մեր երկրում ծախսում է 1000 դոլար, ապա ստացվում է, որ մինչեւ մարտի 21-ը Հայաստան է մտել շուրջ 13-14 մլն դրամ: Ընդ որում, այս ամբողջ գումարը հիմնականում անմիջականորեն մտնում է հասարակական օբյեկտներում աշխատող մեր համերկրացիների գրպանը: Նկատենք նաեւ, որ բոլոր այս թվերը զուտ պաշտոնական են, այսինքն, ինչպես այս օրերին իրանցիների իրական թիվը, այնպես էլ օրական նրանց ծախսած գումարը ամենայն հավանականությամբ անհամեմատ բարձր է: Իսկ այժմ հասկանանք վերջնականապես` պե՞տք է արդյոք հարաբերվել մեր հարեւան, այո` մահմեդական, Իրանի ու նրա բնակիչների հետ, այն նույն բնակիչների, որոնք ընդունել եւ մտերմիկ բարեկամություն են անում մեր հազարավոր հայրենակիցների հետ: Ի դեպ, Իրանի հայ համայնքը երբեք չի բողոքել, թե հայկական եկեղեցու շինարարություն թույլ չեն տալիս կամ հայկական դպրոց են փակում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: