Saturday, April 2, 2011

Ստեփանակերտից օդանավերը կթռչեն և´ Փարիզ, և´ Մոսկվա. ԼՂՀ քաղավիացիայի պատասխանատու

Հայկական կողմը համապատասխան աշխատանքներ կտանի, որպեսզի Ստեփանակերտի օդանավակայանից ինքնաթիռներ թռչեն նաև աշխարհի այլ երկրներ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը՝ նշելով, որ իրենք այժմ զբաղված են միայն օդանավակայանի շինարարական և կադրերի պատրաստման աշխատանքներով։
«Մոլորակը կլոր է, օրը կգա, ժամանակը կգա, մեր ինքնաթիռները կթռչեն և´ Փարիզ, և´ Մոսկվա, և´ այլ երկրներ»,- ասաց Ադբաշյանը՝ հավելելով, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) այսօրվա կանոնադրությամբ, բացի Երևանից, Ստեփանակերտի օդանավերն այլ քաղաքներ չեն կարող թռչել։
Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա մայիսին։ Դմիտրի Ադբաշյանի խոսքով՝ Երևան-Ստեփանակերտ չվերթը կսպասարկեն 50 տեղանոց 3 օդանավեր։ Նախնական հաշվարկներով՝ Երևան-Ստեփանակերտ-Երևան երկկողմանի չվերթի տոմսի գինը կկազմի 16-18 հազար դրամ։

Դմիտրի Ադբաշյանը տեղեկացրեց, որ օդանավակայանի գործարկման համար Արցախում համապատասխան կադրեր կան։ «Մասնագետները Երևանից եկել են և տեղում երիտասարդ կադրերի պատրաստմամբ են զբաղվում։ Մեր առաջին աշխատանքը տեղում հատուկ ուսուցման կենտրոնի ստեղծումն էր»,- նշեց նա։

Ստեփանակերտում պատրաստված կադրերն առաջիկայում վերապատրաստում կանցնեն «Զվարթնոց» օդանավակայանում։

No comments: