Wednesday, April 4, 2012

Պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների. Տիգրան Սարգսյանը` Իրանի խնդրի մասին

Tert.am. 4-4-2012- Իրանի դեմ ռազմական գործողություններն անմիջական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական ու սոցիալական կյանքի վրա: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Իրանը մեր երկու հարևաններից մեկն է, որի հետ մենք ունենք քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ չունենք ոչ մի տեսակի շփում, մնում են միայն Իրանն ու Վրաստանը: Բնականաբար, Իրանում տեղի ունեցող դեպքերը շոշափում են նաև մեր շահերը», - ասել է վարչապետը: Նրա խոսքով` Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են հայ- իրանական տնտեսական կապերին: «Այս լրջագույն սահմանափակումները, իհարկե, մեր շահերից չեն բխում: Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Լրագրողի այն հարցին, թե Հայաստանը պատրաստ է ապրել արտաքին աշխարհից կտրված, եթե Իրանը ռազմական գործողությունների հետևանքով փակի սահմանները, վարչապետը պատասխանել է, որ Հայաստանն ունի հստակ ազգային դոկտրին: «Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների», - ասել է նա:

No comments: