Friday, April 15, 2011

ՔԱՆԻ՞ ՄԻԼԻՈՆ ԹՈՒՐՔ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԹՐԵՎ ԳԱԼԻՍ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ, ՊԱՐՈ՛Ն ԷՐԴՈՂԱՆ

«ԱԶԳ», 15-04-2011- «Ազգը» պատմել է արդեն, որ ԵԽԽՎ-ում ապրիլի 13-ին խոչընդոտվել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի հարց տալու իրավունքը` նրանք հերթագրվել էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթից հետո նրան հարց ուղղելու համար, սակայն նրանց հերթը հետ էր գցվել` զրկելով նրանց հարց տալու իրավունքից: Այնուհետեւ խոչընդոտվել էր (բայց կասեցնել չէր հաջողվել) Նաիրա Զոհրաբյանի` Էրդողանին մոտենալը: Հայաստանի պատվիրակությունը հարցում էր ուղղել ԵԽԽՎ քարտուղարություն` մեր պատվիրակներին հերթագրվածների ցուցակի վերջում տեղափոխելու վերաբերյալ իրողությունը պարզելու: Ն. Զոհրաբյանը Ստրասբուրգից հայկական լրատվամիջոցներին երեկ տեղեկացրեց, որ քարտուղարության գրավոր պատասխանում փաստորեն ընդունվում է, թե այդ անձամբ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն է այդպես որոշել: Քարտուղարությունը հղում է արել, թե Չավուշօղլուն օգտվել է կանոնադրությամբ իրեն տրված իրավունքից: Սակայն եթե ֆորմալ տեսակետից այդպես վարվելը կանոնակարգային է, ապա քաղաքական առումով, ըստ Ն. Զոհրաբյանի, ուղղակի խայտառակություն, քանի որ այդպիսով թուրք ԵԽԽՎ նախագահը օգնել է, որ թուրք վարչապետին անցանկալի հարցեր չտրվեն: Պետք է կանոնակարգի հանձնաժողովին առաջարկ ներկայացնել, որ կանոնակարգի այդ դրույթը վերանայվի:

Հավելենք, որ Էրդողանը ԵԽԽՎ-ում, պատասխանելով հարցերից մեկին, ասել էր. «Այժմ իմ երկրում Թուրքիայի քաղաքացի մոտ 70 հազար հայ է ապրում: Բայց նրանց կողքին քաղաքացիություն չունեցող եւս 40 հազար հայ կա: Մենք նրանց չենք վերադարձնում Հայաստան: Պահում ենք մեզ մոտ: Եթե ուզենք, կարող ենք հետ ուղարկել: Ինչո՞ւ, որովհետեւ չքավորության պատճառով են մեր երկիր եկել: Գուցե այդ մասին չգիտեք, ուզում եմ` իմանաք»: «Եթե Թուրքիայում քաղաքացիություն չունեցող հայերի թիվը 40 հազար է, ապա Եվրոպայում ապաստան խնդրող թուրքերի թիվը միլիոններով կարելի է հաշվել», ահա այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն Էրդողանին Հայաստանից` հավելելով, թե 40 հազար հայերը ոչ թե օտար երկրում են ապրում միլիոնավոր թուրքերի նման, այլ իրենց նախնիների հայրենիքում:

Ավելացնենք նաեւ, որ մինչեւ Թուրքիայում գտնվող հայերի վերաբերյալ այդպիսի թվերով խաղալը` Էրդողանը հայ-թուրքական սահմանը փակ պահելու մասին ասել էր, թե Հայաստանի ժողովրդի իրավունքի պահպանության խնդրից զատ` իրենք էլ իրենց պարտականություններն ունեն. «Այն է` Ադրբեջանի եղբայրական ժողովրդի իրավունքը չենք կարող զոհաբերել Հայաստանին: Պարզ եմ խոսում, արձանագրություններում, ըստ էության, այս նպատակն էր դրված: Նախապես այս քայլերի կատարումն էր անհրաժեշտ, որոնց դեպքում, անշուշտ, պատրաստ ենք սահմանները բացել: Այդ նպատակով մենք Մինսկի եռյակին մշտապես ակտիվության ենք կոչում, որ հիմնախնդրի լուծման գործում կատարվեն քայլեր, առանց որոնց, իհարկե, կարգավորման գործընթացը բավական դժվարանում է»: Ո՞վ էր կասկածում Թուրքիայի եղբայր Ադրբեջանի առումով: Դե իսկ թուրքական եռյակը (Դավութօղլու, Էրդողան, Չավուշօղլու), որ այս երկու-երեք օրը մի լավ զոռ է տվել խելքին` ԵԽԽՎ-ում թուրքական վոյաժներ կազմակերպելու, հազիվ թե դրանք օգնեն ազատվելու աշխարհի աչքում ցեղասպանի «դափնուց», որքան էլ եվրոպական փետուրներով զարդարվեն եւ շատ ուզենան, Էրդողանի խոսքերով, որ «Հայաստանի իշխանությունները Սփյուռքի նկատմամբ ունեցած կաշկանդվածությունը կարողանան մի կողմ դնել», այլ խոսքով, որ հայերս ցեղասպանության ճանաչման հարց չբարձրացնենք: Ու որքան էլ կարծեն, թե այդ (չբարձրացնելու-Մ.Խ.) դեպքում «կարգավորման գործընթացն ավելի հեշտ կլինի, լուծումներն էլ ավելի արագ կհասունանան, սահմաններն էլ իսկույն կբացվեն»: Բա հո Սլովենիայում նախագահ Սարգսյանն իզուր չէր ասել. «Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել: Արդյոք անտեղյա՞կ են մեր հարեւանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է»:

No comments: