Friday, April 15, 2011

Ոստիկանությանը չի օգնի անգամ Քրիստիան Դիորի կարած հագուստը, եթե չփոխվի այդ կառույցի էությունը. ՆԳ նախկին նախարար

News.am. 15-4-2011- Ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար պետք է ոչ թե ոստիկանության համազգեստը փոխել, այլ պետք է փոխել նրա գործունեության բովանդակությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը:
«Հագուկապն իսկապես կարող է որոշակի ազդեցություն ունենալ, սակայն եթե ոստիկանության գործունեության էությունը նույնը մնա, ապա ոչ մի ֆորմա չի կարող օգնել, եթե անգամ այն կարված լինի անձամբ Քրիստիան Դիորի ձեռքով»,-հայտարարեց Աբրահամյանը:
Ըստ նրա` ոստիկանությունն այսօր հասարակության շրջանում ունի ոչ նախանձելի իմիջ: «Իսկ քանի որ երկրում իշխանական նիհիլիզմ է, այն իր հերթին բերում է նաեւ իրավական նիհիլիզմի: Այդ պարագայում անիմաստ է խոսել իրավապահ համակարգի մեկ կամ երկու օղակի իմիջի բարձրացման մասին: Ի վերջո, ոստիկանությունը ամբողջ պետական կառավարման համակարգի մի մասն է, իսկ այդ համակարգի նկատմամբ հասարակությունը գրեթե զրոյական վստահություն է տածում»,-հայտարարեց Աբրահամյանը` հավելելով, թե «հագուստ փոխելը չի փրկի»:

Նշենք, որ Հայաստանի ոստիկանությունը ապրիլի 16-ից, ոստիկանության 10-ամյակին նվիրված տոնակատարություններին զուգահեռ, քաղաքացիներին կներկայա նոր համազգեստով։ Ինչպես հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, նոր համազգեստը թույլ կտա ոստիկանությանը հասարակության շրջանում բարելավել իր իմիջը։

Ըստ ոստիկանության կողմից կառավարություն ներկայացրած բացատրության՝ ներկայումս ՀՀ ոստիկանության ծառայողները կրում են խորհրդային ժամանակների համազգեստը, որը համապատասխանեցված է եղել նախկին խորհրդային պետության միջին կլիմայական պայմաններին: Այդ համազգեստն այժմ արդիական չէ եւ անհարմար է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության խնդիրների իրականացման համար:

No comments: