Saturday, April 9, 2011

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ

կամ խաղաղության նոր փոխակերպում

Դիտելով անընդմեջ ընթացող իրադարձությունները, տարանջատելով դրանք և որոշելով հաշվարկի ժամանակային կետերը` հանգում ենք այն մտքին, որ նորը լավ մոռացված հինն է: Որոշելիության և ստոխաստիկության համակարգերի միության մեջ ժողովուրդների պատմությունն ընթանում է զարգացման գալարագծով: Այսօր միջազգային հանրության ուշադրությունը բևեռված է Աֆրիկայի հյուսիսում և Արաբական թերակղզում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ, մեկ պահից մյուսը զարգանալով, կործանվում են այն վարչակարգերը, որոնք տասնամյակներ շարունակ անսասան էին թվում: Այստեղ կարելի է որոշակի զուգահեռներ անցկացնել հետխորհրդային տարածությունում եղած գործընթացների, մասնավորապես` Արցախյան շարժման հետ:
Այս իրադարձություններն արտացոլում են մի թռիչքաձև գործընթաց, որտեղ յուրաքանչյուր ժողովուրդ անցնում է զարգացման բարդ, բայց պահանջված ճանապարհ` պետությունում և հասարակությունում Մարդ և Քաղաքացի հիմնարար հասկացությունների կայացման և հաստատման համար, որոնց հատուկ են Ազատության, Հավասարության, Եղբայրության և կյանքի իրավունքի հատկանիշները:
Կարելի է միանշանակ պնդել, որ այստեղ մենք գործ չունենք հեղափոխության կամ դավադրությունների արտահանման հետ, թեպետև ժողովուրդների համերաշխությունն առկա է: Եվ եթե սկզբից ևեթ միջազգային հանրությունն անխուսափելի գործընթացներին վերաբերվեր գիտության տեսանկյունից, ապա հնարավոր կլիներ խուսափել հետխորհրդային տարածությունում, Բալկաններում, իսկ այժմ` Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում ծավալված արյունալի դեպքերից: Բավարար է հիշել 1789-1871 թթ. ֆրանսիական և ռուսաստանյան` 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունները, որոնք ուղեկցվում էին ոչ պակաս բուռն իրադարձություններով: Տրոհման և նոր պետությունների ձևավորման օրինակներից է Շվեդիայից Նորվեգիայի անջատումը: Հռչակելով իր անկախությունը 1905 թ. հունիսին` նույն թվականի հոկտեմբերին Նորվեգիան արդեն իսկ ճանաչվել է Շվեդիայի կողմից:
Իսկ ճանաչման բնական գործընթացը` քաոսի (անորոշության) և կարգավորվածության հետ հավերժ պայքար է, որտեղ առավել կարծրորեն կարգավորված համակարգերն արագորեն ընթանում են դեպի ինքնաքայքայում: Արցախյան շարժումը դարձել է աշխարհի նոր տեղեկատվական-տեխնոլոգիական երիտասարդացման առաջին ալիքը, որն ուղեկցվում էր համապատասխան գործընթացներով` Բեռլինյան պատի և Խորհրդային Միության անկմամբ և նոր պետությունների առաջացմամբ:
Այն, ըստ էության, պարտադիր երևույթ էր, որը մղել է ժողովրդավարության բնագավառում արմատական փոխակերպումների: Հիմնախնդրի («Արցախի հավերժ հարցի») չկարգավորվածությունը քննելու և վերջինիս նոր որակական մակարդակն ընկալելու համար անհրաժեշտ էր կազմակերպել բազում երկրների գիտնականների մասնակցությամբ միջազգային գիտական համաժողով «Արցախյան շարժումը` աշխարհի նոր փոխակերպման սկիզբ» թեմայով :
Արցախյան շարժման երևույթը կրոնների և ժողովուրդների դիմակայությունը չէ: Հարցը սկզբից ևեթ դրված էր և այսօր էլ գտնվում է անհատի և սեփականության ազատության և մարդու հիմնարար իրավունքների հարթությունում: Դրանք հասարակության և պետության բնականոն գոյության հիմնասյուներն են: Իրավունքների և պարտականությունների բացակայությունը նպաստում է ահարկու ապակառուցողական ուժի, բացասական ազատության և կործանարար էներգիայի ի հայտ գալուն: Հետխորհրդային տարածությունում, Բալկաններում, Աֆրիկայի հյուսիսում և Արաբական թերակղզում արձանագրված դեպքերը դրա վառ հաստատումն են: Գունավոր և ծաղկավոր հեղափոխությունների դարաշրջանը բնութագրող` իրավունքների ազատությունների համար մղվող շարժումները կարելի է պատկերավոր կերպով անվանել Արցախյան շարժման երկրորդ ալիք: Արցախյան շարժման երևույթը` ժողովուրդների և կրոնների հակադրումը չէ:
Այս ալիքն` իր անհատի և սեփականության ազատության ժողովրդավարական անանց արժեքներով հանդերձ անդրադարձել է մոլորակի համարյա բոլոր տարածաշրջանների վրա` հեղափոխությունների և ցնցումների, տնտեսական ճգնաժամերի բռնկումների տեսքով: Այն իրեն զգացնել է տալիս նաև համեմատաբար զարգացած և այդ սահուն ու վտանգավոր ուղին վաղուց անցած պետություններում: «Փորձերի ու սխալների» դառը փորձառության վրա հիմնված գիտական ճշմարտությունների անտեսումն ուղեկցվում է հսկայական ավերածություններով և մարդկային կորուստներով: Բնական և հասարակական անկանոնությունները և նրանց երևակումը տեղի են ունենում համաչափորեն` ակնբախորեն վկայելով դրանց միասնականության մասին: Կարգավորված համակարգում` փոփոխությունների անհրաժեշտությամբ թելադրվող մարդկանց մտատրամադրվածության մեջ բավական է առաջանան մի քանի տարերային խախտումներ և` բնական և հասարակական ուժերն անխուսափելիորեն իրենց զգացնել կտան: Միջազգային հանրության գաղափարագիտական լարվածությունը որոշ տարածաշրջաններում հարուցում և շարժման մեջ է դնում կործանարար ուժեր: Մարդկության հազարամյա պատմության ընթացքում նման օրինակներն առավել քան բազմազան են:
Տեխնոլոգիաների բնագավառում հուժկու առաջընթացն իր հետևից բերում է նաև քաղաքական մտածողության զարթոնք և իներցիոն շերտի հաղթահարում: Արցախյան և այլ նույնանման հարցերի ու հիմնախնդիրների լուծումը գտնվում է դրական փոփոխությունների ընդհանուր հարթությունում` մարդկանց և ժողովուրդների փոխհարաբերությունների ողջ տարածությունում: Ժողովրդավարության հասկացությունը լայն իմաստով, պետական կառույցներում վերջինիս կենսագործումը խթանում են ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Իրականում, մտածողության իներցիոն բնույթը խաթարվում է ոչ միայն առանձին անհատների և պետական գործիչների, այլև միջազգային կառույցների մոտ: Որոշումների ընդունման ժամանակը ձգվում է, իսկ դա հանգեցնում է վատթար հետևանքների` Բալկաններում, Կովկասում, այժմ էլ` Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում ստեղծված իրավիճակին: Սևեռելով համընդհանուր ուշադրությունն այս ժամանակավոր գործոնի վրա` մենք պարզորոշ գիտակցում ենք, որ միևնույն իրադարձությունները սպասվում են նաև աշխարհի այլ մասերում` բոլորաշրջանային կրկնությամբ որոշ տարիներ անց:
Ժողովրդի գիտաբանական էներգիան, առ արդարություն հավատը, նրա ոգին պահանջում են փոփոխություններ և ազատություններ: Մարդու և ժողովրդի ինքնաճանաչումը, վերընձյուղումն ու հասարակական գիտակցության և ինքնագիտակցության ոլորտի մեջ ներթափանցումը աշխարհի նոր արդիական վերափոխումն է:
20-րդ դարասկզբին «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների հռչակագրի» ընդունումից հետո ազգային միավորումների հաղթարշավը հարյուրամյակի ավարտին փոխարինվել է հետխորհրդային տարածությունում ինքնիշխանությունների հաղթարշավով: Այս համատեքստում դիտելով Կովկասն ու Կենտրոնական Ասիան և ուշադրությունը սևեռելով առկա գործընթացներին` պարզ է դառնում, որ գործընթացներն, ամենուր սահուն չլինելով հանդերձ, համեմատաբար կայուն են: Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ձեռքբերումն ու ճանաչումը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը միտված ընթացք է: Հաջորդ քայլը Վրաստանինն է. նոր պետությունների ճանաչումն անհրաժեշտ է նախ հենց իրեն` իր իսկ վարկանիշի համար:

Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող դեպքերը, որոնք նույնպես շատ հեռու են կատարելությունից, խթանում են ժողովուրդներին և նրանց ղեկավարներին` էական փոփոխությունները գիտակցելու, փոխադարձ հարգանքն ու վստահությունը հաստատելու համար` օգտագործելով պետաքաղաքական զարգացման և ողջամիտ մարդկային մտածողության համար եղած ժամանակը: Չէ՞ որ հարցը ոչ թե պետությունների քանակի, այլ միավորված Եվրոպայի սկզբունքներին համապատասխանող նրանց որակական պարունակության մեջ է:

Ժողովրդավարական բարեփոխումների դեմ կատաղի դիմադրությունն էլ ավելի է նպաստում ժողովուրդների ընթացքին` դեպի առաջընթաց, ինքնամաքրում և արարում: Ազգային գիտակցության և ինքնագիտակցության զարգացումը միակողմանի երթևեկությամբ` հակընթաց նույնանման հոսանքի հետ հակասությունների մեջ` մարդու ազգային կրոնի, պետական ինքնորոշման և կյանքի ու գոյության իրավունքի զարգացումն ու կոչումն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային ցանցի դարաշրջանն արագացնում է տեղի ունեցող գործընթացները: Դա յուրօրինակ գիտությունների միջնորդավորված ուժ է, որը մղում է ժողովուրդներին էներգետիկ հասարակական զարգացման կոնուսին` նրանց վրա ներգործող ստոխաստիկության (քաոսի) և որոշելիության (կարգավորվածության) գործոններով հանդերձ: Սա փաստացիորեն բացարձակապես ենթադրական «հստակորոշված դևի» հետ խնդիր է, որը ձևակերպվել էր 19-րդ դարասկզբում` ֆրանսիացի մեծ գիտնական Պ. Լապլասի կողմից և մեր օրերում համատեղ ջանքերի շնորհիվ իր լուծումն է գտել:

Խորհելով ներկայումս հասարակական զարգացման խնդրի շուրջ` տեսնում ես անցյալը և, դիտելով ապագան, համոզվում ես դրանց խորին փոխկապվածության մեջ: Երկրաշարժն ու ցունամին Ճապոնիայում, որնք ուղեկցվել են ահռելի զոհերով և ավերածություններով, ժողովրդի ողբերգությունն ու վիշտը ստվերել են ավտորիտար ղեկավարների «տարօրինակությունները»: Այս ցնցումները զգոնության ու վճռական միասնական գործողությունների կոչ են արել: Դարեր շարունակ մարդիկ և գիտությունը ձգտում էին կանխատեսել, նվազագույնի հասցնել և չեզոքացնել մարդու և հասարակության վրա իրադարձությունների ընթացքը: Բոլոր երկրների և ժողովուրդների շահերին առնչվող կլիմայի համապարփակ տաքացումը և համաշխարհայնացման գործընթացները համաքայլ են ընթանում` միավորելով պետություններն առկա խնդիրների լուծման համար:

Սկզբունքորեն, ժամանակն է հասունացել միջազգային հանրության կողմից` ոչ միայն արտաքին միջազգային, այլև ներքին իրավունքի ոլորտում պետությունների և պետական միավորների վարքագծի չափանիշները հաստատելու համար` պատնեշ կանգնեցնելով անարդարության սնուցիչ միջավայր հանդիսացող երկակի չափանիշների քաղաքականության դեմ: Պետության մեջ չափանիշների ընդունումը թույլ է տալիս խաղաղ և կառուցողաբար լուծել ծագող հարցերն ու հակասական խնդիրները: Այս հոդվածի ավարտին տեղին է մեջբերել հռչակավոր գիտնական և մտածող Հեգելի մտքերն ու խոսքերը` ուղղված հին աշխարհի ոչ պակաս հանրաճանաչ փիլիսոփային. «... Պլատոնը բացահայտել է իր ոգու մեծությունը, քանզի սկզբունքը, որի շուրջ պտտվում է իր գաղափարի առանձնահատուկ ուրույնությունը, հենց այն առանցքն է, որի շուրջ այն ժամանակ պտտվում էր աշխարհի սպասվելիք վերափոխությունը: Այն ինչ բանական է` իրական է, և այն, ինչ իրական է` բանական է: Այս համոզմանը հարում է յուրաքանչյուր չմիջնորդավորված գիտակցություն, հոգևորի և բնականի ամբողջության քննության ժամանակ»:

Գրիգորի ԱՖԱՆԱՍՅԱՆ
ԱրՊՀ աստղաֆիզիկական դիտարանի վարիչ

Ստեփանակերտ
«Լրագիր» 8-4-2011

No comments: