Friday, April 8, 2011

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ» ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

«ԱԶԳ» , 08-04-2011- Ապրիլի 7-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը : Քաղաքագետը անհեթեթ համարեց ներկայումս արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանյան գործընթացների հետ համեմատելը. «Հայաստանում իշխանության ուզուրպացման մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը չպետք է Հայաստանում հանգեցի ներքին անկայունության. դա կարող է կործանարար լինել»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանըՙ նա ասել է, որ նախագահի ու արտգործնախարարի վարած արտաքին քաղաքականությունն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ: Միհրանյանը նշել է, որ չնայած ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացներում այժմ փակուղային իրավիճակ է, այդուհանդերձ այդ իրավիճակում Հայաստանն ավելի շահեկան իրավիճակում է, քան Ադրբեջանը, որովհետեւ Հայաստանի դիրքորոշումն ամբողջովին համահունչ է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի, ՌԴ-ի ու այլ երկրների դիրքորոշմանը: Քաղաքագետը նշել է նաեւ, որ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման հարցը շատ լուրջ հարց է, սակայն ներկայումս ստատուս քվոյի խախտումը քիչ հավանական է, քանի որ դա շահավետ չէ ո՛չ Բրյուսելին, ո՛չ Վաշինգտոնին: Նրա խոսքերովՙ Ադրբեջանի նախագահը շատ խոցելի առաջնորդ է եւ չնայած հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին նրա հայտարարություններին, հասկանում է, որ պատերազմի ելքն անկանխատեսելի է ու կարող է կործանարար լինել Ալիեւների կլանի համար:

No comments: