
Դե, իհարկե, եթե «ապացույցները ձեռք են բերվել եւ ներկայացվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, այդ մասին արդեն կարելի է բարձրաձայնել»:
Խնդիրն այն է, թե ի՞նչ «ապացույցներ» կարող էր ձեռք բերել Ադրբեջանի դատախազությունը:
Հայտնի միջադեպին հաջորդած ավելի քան մեկ ամսում ադրբեջանական կողմն այդ առթիվ տարածել է միայն մեկ տեղեկատվություն: Ըստ այդմ, «մարտի 27-ին գտնվել է այն գնդակը, որից զոհվել է Ֆարիզ Բադալովը»:
Նախ, ինչո՞ւ Ֆարիզ Բադալովի մահվան պատճառ դարձած գնդակը «հայտնաբերվել է» դեպքից շուրջ 20 օր հետո: Չէ՞ որ «երեխան սպանվել է, երբ խաղալիս է եղել իրենց տան բակում»` ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Դատախազության քննիչները դեպքի օրն «սպանության վայրի» տեղազննում չէի՞ն կատարել: Եթե չէին կատարել, ապա ինչո՞ւ: Իսկ եթե կատարել էին, ինչո՞ւ չէին հայտնաբերել չարաբաստիկ գնդակը: 20 օր հետո քննչական նոր գործողությո՞ւն է նշանակվել: Եթե այո, ապա` ի՞նչ հիմքով: Դատախազությունն ի՞նչ խնդիր է առաջադրել քննիչ-փորձագետներին: Եվ նրանք ի՞նչ հանգամանքներում եւ որտե՞ղ են գտել Ֆարիզ Բադալովին խոցած գնդակը:
Երկրորդ, եթե նույնիսկ «գնդակը հայտնաբերվել է», ապա ինչի՞ց են ադրբեջանցի քննիչները եզրակացրել, որ «արձակվել է «օկուպացված» Շիխլար գյուղից»: Գնդակի վրա հատուկ նշում կա՞ր, որ «հայկական է»:
Երրորդ, հնարավո՞ր է, որ դեպքից այդքան երկար ժամանակ անց «հայտնաբերված գնդակը» ենթարկվի փորձաքննության: Ադրբեջանն ունի՞ այդ կարգի փորձաքննություն անցկացնելու տեխնիկական եւ մասնագիտական հնարավորություններ:
Եվ վերջապես` այդքան աղմկահարույց գործով նախաքննություն եւ մանավանդ քննչական հատուկ գործողություններ անցկացնելիս ադրբեջանական կողմն ինչո՞ւ չի ներգրավել նաեւ միջազգային անկախ փորձագետների:
Մինչ անհիմն մեղադրանքներ առաջադրելը, թվում է, ադրբեջանական կողմը պարտավոր էր տալ այս եւ այլ հարցերի տրամաբանված-հիմնավորված պատասխանները:
Բայց մենք դատում ենք օրինաչափորեն: Իսկ ադրբեջանական կողմի մոտեցումներն առհասարակ օրինաչափության շրջանակներից դուրս են: Ինչ-որ մեկն էլ, ահա, պատրաստվում է «Ֆարիզ Բադալովի սպանության հարցը բարձրացնել Եվրոխորհրդարանում»:
Ակնհայտ է, թե ինչու: Եվրոխորհրդարանը վերջերս մի բանաձեւ է ընդունել, որով Եվրոմիությանը հորդորել է ուղղակի երկխոսություն սկսել միջազգայնորեն չճանաչված պետական կազմավորումների հետ:
Ադրբեջանում, ինչպես միշտ, նախ փորձեցին նենգափոխել այդ բանաձեւը: Իսկ երբ դա չհաջողվեց, այժմ էլ որոշել են Բրյուսելի ուշադրությունը հրավիրել «հայ դիպուկահարի կողմից իննամյա ադրբեջանցի երեխայի սպանության փաստին»:
Այս ամենից, անկեղծ ասած, տպավորություն է ստեղծվում, որ անմեղ երեխայի մահը խիստ անհրաժեշտ էր հենց ադրբեջանական կողմին: Որպեսզի պայմանավորվածություններից հետ կանգնելու առիթ լինի: Որպեսզի Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին «սպառնալու հիմքեր ունենա»:
Ո՞րն է «խաղի իմաստը»: Ադրբեջանի արտաքին քաղաքական քայլերն առհասարակ տրամաբանության չեն տրվում: Այդուհանդերձ, Ալի Հասանովի խոսքերից կարելի է եզրակացնել, որ բավական անմխիթար վիճակում հայտնվելով, Իլհամ Ալիեւը որոշել է «վճռական գրոհ ձեռնարկել եւ ճնշում գործադրել» միջնորդների վրա:
Բայց դա, ըստ երեւույթին, ոչ այնքան արտաքին, որքան «ներքին սպառման ապրանք է»: Այն է` հասարակությանը ցույց տալ, որ «իշխանությունն այնքան ուժեղ է, որ նույնիսկ գերտերությունների հետ է խոսում վերջնագրի լեզվով»: Մյուս կողմից էլ դա, ամենայն հավանականությամբ, միջազգային հանրությանը հասցեագրված մեսիջ է, որպեսզի նա ադրբեջանական ընդդիմությանը չաջակցի:
Այսպիսով, կամա, թե ակամա, Իլհամ Ալիեւը «երկրորդ ճակատ է բացում»` Ադրբեջանի «ազգային շահերին թշնամի» հռչակելով միջազգային հանրությանը` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների:
Ֆարիզ Բադալովի հանգամանքն այստեղ ընդամենը «գործիք» է, որ Իլհամ Ալիեւը միջնորդների հետ շփումներում «ճնշման լծակ» ունենա:
Հասկանո՞ւմ են դա միջնորդները: Ամեն դեպքում, նաեւ մեր խնդիրն է օգնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց համար կարողանան պարզել, թե ինչու Ադրբեջանը համառորեն հրաժարվում է պարտավորություն ստանձնել, որ խնդրի կարգավորումը դուրս է ուժային բաղկացուցչի տիրույթից: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
No comments:
Post a Comment