Saturday, April 16, 2011

ԻՐՈ՞Ք ԱՅԴՔԱՆ ՎԱՏՆ Է ՔԱԴԴԱՖԻՆ

«ԱԶԳ», 16-04-2011- Համաշխարհային մասշտաբի որեւէ իրադարձություն մեծ քաղաքականությունից հեռու մարդուն ներկայանում է առավելապես իր արտաքին տեսքով եւ նվազ մատչելի է կամ առավելապես բնավ էլ հասու չէ իր խորքային շարժառիթներով ու ենթատեքստերով: Էլ չենք ասում, որ ամեն մի երկիր երեւույթին նայում է սեփական պատկերացումներովՙ իր շահերի տեսանկյունից: Համենայն դեպս արաբական երկրներում ու մասնավորապես Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների ռուսաստանյան ոչ լիբերալ մեկնաբանությունները էապես տարբերվում են արեւմտյան մոտեցումներից:
Ինչպես միշտ, ներկա ծավալուն ու շռնդալից բեկումները եւս առաջին հերթին այստեղ դիտվում են որպես վերազգային համաշխարհային ուժերի աշխարհանվաճ ծրագրերի իրականացման հերթական փուլ: Գերկառավարություն անվանված այդ մարմինը գլոբալ ցանցերի տեսքով միավորում է մոլորակի քաղաքական, ֆինանսական ու տեխնոլոգիական հզոր կառույցներ, որոնք, կապված չլինելով որեւէ կոնկրետ պետության հետ, հենվում են անձնական շահերի ու ապրելակերպի ընդհանրության վրա: Բնական ռեսուրսների համար մղվող անողոք պայքարի ավանդական պատկերացումների հետ մեկտեղ առկա է վերադարձը նորատես գաղութատիրության գաղափարին, երբ պատերազմներ են հրահրվում անմիջականորեն տարածքներ վերահսկելու համարՙ այդ ռեսուրսները տնօրինելու նպատակով: Եվ այստեղ էլ հառնում են մեծ եւ փոքր պետությունների ողբերգական հարաբերությունները ի վնաս վերջինների:
Բայց ինչու այս պահին ռազմական թիրախ դարձավ հենց Լիբիան: Նավթից բացի, թվում է, շատ բան պայմանավորված է արեւմտյան լրատվամիջոցներում «ցնցած ազգասպանի» կերպարանք ստացած Մուամմար Քադդաֆիի անձի անընդունելիությամբ: Մինչդեռ ռուսաստանցի շատ մեկնաբաններ նրան ներկայացնում են որպես մի քաղաքական գործչի, որը հսկայական ծառայություններ ունի իր ազգի առջեւ: Նրա կառավարման տարիներին լիբիացիների թիվը մեկ միլիոնից հասել է վեցի: Առողջապահությունն անվճար է, ընդ որում հիվանդանոցներն ապահովված են նորագույն բուժտեխնիկայով: Անվճար է նաեւ կրթությունը. ընդունակ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու արտասահմանումՙ պետության հաշվին: Լիբիացիները չեն վճարում նաեւ էլեկտրականության համար: Ամուսնացող զույգը ստանում է մոտ 50000 դոլարի նյութական օգնություն: Պետական վարկերը անտոկոս են եւ ըստ էության անժամկետ: Բենզինն ու հացը գրեթե ձրի են: Գյուղատնտեսությամբ զբաղվողները ազատված են բոլոր հարկերից: Պետական դոտացիաների շնորհիվ ավտոմեքենաները մատչելի են բոլոր ընտանիքներին եւ այլն (հայաստանցիները երեւի նախանձից նվաղեցին, հատկապես նորապսակները): Համաձայնեք, որ իր ազգին սիրող ղեկավարը միայն կարող է մտածել նրա մասին:

Ահա եւ, նավթադոլարների մի զգալի մասը թողնելով իր երկրի ներքին կարիքների, սոցիալական ոլորտի համար, այսինքն, ինչ-որ տեղ կիսելով ժողովրդի հետ, Քադդաֆին արեւմտյան ֆինանսական համակարգին զրկում է միլիարդավոր դոլարների սրսկումներից: Ռուսներն այստեղ նրան համեմատում են իրենց օլիգարխների հետ, որոնք յուրացնելով հատկապես բնական հարստությունները, ստացած եկամուտների հիմնական մասը փոխադրում են հենց եվրոպական թե ամերիկյան բանկեր, էապես հզորացնելով նրանց: Աշխարհում տեղ չպիտի գտնի ոչ մի «սոցիալիզմ», եթե նույնիսկ կոչվում է «ջամահարիական»:

Վերադառնանք, սակայն, գերկառավարության գոյությանըՙ առնչված նշյալ աշխարհաշրջանային փոփոխություններին: Ռուս մասնագետները, ի դեպ, թարմացրել են ինչպես նրա անվանումըՙ գլոբալ կառավարող դասակարգ, այնպես էլ նրա ներկա աշխարհասփյուռ քայքայիչ գործունեության բնորոշումը: Եթե այդ ստրատեգիան մինչ այդ կոչվել էր «կառավարելի քաոս», ապա դրա որակական նոր մակարդակը ձեւափոխվել է արդեն «ոչ կառավարելի քաոսի»: Ստեղծելով քաոսային իրավիճակներ ընդարձակ աշխարհատարածքներում, հնարավորություն է ստեղծվում թրի մի հարվածով ձեռք գցելու իշխանություն եւ հարստություն ու կտրուկ փոխելու մեծ հանրակցությունների զարգացման ընթացքն ու տրամաբանությունը, ինչն էլ տեսնում ենք արաբական աշխարհում:

Եվս մի պարագա, որ խիստ մտահոգում է Ռուսաստանինՙ ինչ չափով արաբական հեղափոխությունները կազդեն երկրի մուսուլմանաբնակ տարածաշրջանների վրա: Բանն այն է, որ այստեղ չեն թաքցնում իրենց անհանգստությունը «Մուսուլման եղբայրներ» կրոնական եւ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության, ավելի կոնկրետՙ վերջիններիս կողմից նրանց ցույց տրվող ռազմական աջակցության կապակցությամբ: Արձանագրվում է, որ Քադդաֆիի հակառակորդների միջուկը կազմում են արմատական իսլամիստները եւ «Ալ Ղաիդայի» գրոհայինները: Ընդ որում, խռովված արաբական երկրներում առաջինները պատրաստակամություն են հայտնում մասնակցելու նոր իշխանությունների կազմավորմանը: Մինչդեռ գաղտնիք չէ, թե իսլամական ֆունդամենտալիստները ինչպես էին ֆինանսապես աջակցում եւ ռազմական ու ահաբեկչական գործողություններին անմիջականորեն մասնակցում չեչենական պատերազմներում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: