Thursday, April 14, 2011

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները դեմ են դուրս եկել Իսրայելի կառավարությունը

News.am. 14-4-2011- Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներից տուրք պահանջելու վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումը անընդունելի է եւ խախտում է դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակներից եկող կարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Նա նշեց, որ ըստ այդ կարգի, որը գործում է 19-րդ դարից, եկեղեցական կառույցներն ազատվում են տուրքեր վճարելուց եւ նրանց համար որոշակի առավելություններ են սահմանվում:
Շիրվանյանի հավաստմամբ, իսրայելական կառավարության այդ որոշումը նոր չէ. այն առաջ է քաշվել նաեւ նախորդ կառավարության կողմից, սակայն եկեղեցիների կողմից ուժեղ դիմակայության է արժանացել: NEWS.am-ի զրուցակցի խոսքով`անընդունելի է եկեղեցիներից տուրքեր պահանջելը:
«Մեր հիմնավորումն այս է. եկեղեցիները մարդասիրական գործունեություն են իրականացնում, դպրոցներ են ֆինանսավորում, աղքատների կողքին են: Հետեւաբար, եթե եկամտահարկ պահանջվի, դա կվնասի եկեղեցիների ընդհանուր գործունեությանը»,-նշեց Շիրվանյանը:
Նա նաեւ հույս հայտնեց, որ քրիստոնեական եկեղեցիների միասնական պայքարը կարող է արդյունք տալ եւ կասեցնել որոշման իրագործումը:
Նշենք, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնել իսրայելական իշխանությունների որոշման վերաբերյալ, ըստ որի`հարկային պարտավորություններ են դրվում եկեղեցական կալվածքների եւ ունեցվածքի վրա:
Հայտարարությանը միացել են Հույն ուղղափառ եկեղեցին, Երուսաղեմի Լատին եկեղեցու պատրիարքը, Հայ կաթոլիկ եկեղեցին, Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Սիրիայի կաթոլիկ եկեղեցին, Սիրիայի ուղղափառ եկեղեցին, մարոնիտները, լյութերական եւ անգլիկան արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները եւ այլք:

No comments: