Thursday, April 14, 2011

Էրդողանի աղջկան գլխաշորի պատճառով ԱՄՆ վիզա չեն տվել

Ստրասբուրգում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Միացյալ Նահագներները հրաժարվել է այցագիր տրամադրել իր դստերն ու հարսին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
«Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դստերս ասել էր, թե խնդիրներ կան նրանց անձնագրի լուսանկարի հետ և պահանջել նոր լուսանկար։ Այս խնդիրը հարթվեց միայն այն բանից հետո, երբ միջամտեցի անձամբ ես և Անկարան։ Եթե նման խնդիրներ են առաջանում իմ դստեր հետ, ինչպիսի խնդիրներ կստեղծվեն իմ քաղաքացիների համար»,– ասել է Էրդողանը՝ նշելով, թե հիմնական խնդիրը եղել է այն, որ իր աղջիկն ու հարսը լուսանկարում եղել են գլխաշորով։
Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հաշված ժամեր անց Անկարայում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Էրդողանին։
Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրն ամենևին էլ կապված չէ գլխաշորի հետ։ «Մենք չենք պարտադրում որևէ մեկին հանել գլխաշորը։ Ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի անձնագրի լուսանկարում հստակ երևա տվյալ անձնավորության դեմքն ամբողջությամբ»,– նշվում է հայտարարությունում։

No comments: