Saturday, April 9, 2011

ԵՎՐՈՊԱՆ ԿՇՓՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ

«Լրագիր» 9-4-2011- Տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի բանաձեւում կա կետ, որով կոչ է արվում Եվրամիությանը շփումներ հաստատել չճանաչված տարածքների դե ֆակտո իշխանությունների հետ, չի համապատասխանում իրականությանը, Trend-ին ասել է Բելգիայում Ադրբեջանի դեսպանը: Իրականում, նման դրույթ եղել է նախագծում, սակայն ԵԽ նիստում քվեարկության ժամանակ պատգամավորների մեծամասնությունը, խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները դեմ են քվեարկել, ասել է նա:
Ինչպես պարզվեց, արդյունքում “Եվրոպական հարեւանության քաղաքականության ռեզյումե” բանաձեւի 49-րդ կետը կոչ է անում ոչ պաշտոնական շփումներ հաստատել անջատված տարածքների հասարակությունների հետ, քաղաքացիական մշակույթի եւ երկխոսության աջակցության նպատակով, միաժամանակ պահպանելով ԵՄ կողմից չճանաչման քաղաքականությունը:
Չնայած նրան, որ “դե ֆակտո իշխանություն” ձեւակերպումը չանցավ, Եվրախորհրդարանի բանաձեւն իրականում մեկ քայլ առաջ է չճանաչվածներին ճանաչելու ճանապարհին, այդ թվում` Ղարաբաղի: Եվրամիությունը մինչ այժմ բավական զուսպ է վերաբերել Ղարաբաղին, նրա հասարակական կարծիքին, տնտեսական ու ժողովրդավարական զարգացմանը:

Միեւնույն ժամանակ, շատ փորձագետներ ասում են, որ այդ հարցերը համարվում են եվրոպական անվտանգության մաս եւ չեն կարող անտեսվել Եվրոպայի կողմից: Մյուս կողմից, Ղարաբաղի խնդիրներից Եվրոպայի եւ համաշխարհային այլ կենտրոնների կամավոր մեկուսացումը դառնում է խոչընդոտ Ղարաբաղի զարգացման համար: Այն, որ համաշխարհային հանրությունը հրաժարվում է ճանաչել փախստականներին, որոնք ապրում են Ղարաբաղում, սակայն զուգահեռաբար իրականացնում է ծրագրեր Ադրբեջանի փախստականների հետ, ղարաբաղցի փախստականներին ի սկզբանե դնում է ոտնահարված վիճակում: Այն, որ միջազգային կազմակերպություններն ու հիմնադրամները հրաժարվում են ֆինանսավորել հասարակական նախագծերը Ղարաբաղում, նշանակում է, որ ղարաբաղցիների ձայնը չի հասնում աշխարհին:

Եվրախորհրդարանի բանաձեւը կարող է հանել արգելապատնեշը աշխարհի ու Ղարաբաղի միջեւ: Դա կլինի փոխշահավետ նախագիծ: Եւ կարեւոր չէ, թե ում հետ խորհուրդ կտան շփվել եվրախորհրդարանականները` դե-ֆոկտո իշխանությունների, թե հասարակության: Դժվար թե ներկայում կարելի է սպասել Ղարաբաղի ճանաչում Եվրախորհրդարանի կողմից: Ներկայում գլխավորը կապեր հաստատելն է, որպեսզի Ղարաբաղը դառնա մեծ աշխարհի մասը, իսկ աշխարհն էլ հանգիստ լինի Ղարաբաղի համար:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: