Friday, April 15, 2011

Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայում լուծում են դիրքավորման խնդիր. Վարդան Օսկանյան

News.am. 15-4-2011- Ընդդիմադիր քաղաքական ուժերը ներկայում լուծում են դիրքավորման խնդիր: «Կապիտալ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Ճիշտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը սկսել են մրցակցել միմյանց հետ, սակայն կարծում եմ՝ այս պահին նրանք լուծում են դիրքավորման խնդիր»,- ասել է նա:
Օսկանյանի համոզմամբ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ են գիտակցում, որ կա մի ընդհանուր խնդիր, և որ դա փոփոխությունների հասնելն է։ «Պետք է այդ մասին մտածել և հաջորդ ընտրություններին այսօրվա իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը հակակշռելու համար անել ամեն հնարավոր բան։ Եթե ընդդիմությունը կարողանա քաղաքական դաշտում իշխանություններին հակակշռելը դարձնել հիմնական նպատակ, կարծում եմ՝ հնարավոր կլինի գտնել ընդհանուր եզրեր՝ նպատակն իրականացնելու համար»,- ասել է Վարդան Օսկանյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ քաղաքական դաշտում խոսվում է երրորդ ուժի ստեղծման անհրաժեշտության մասին, Օսկանյանն ասել է. «Չեմ ուզում քաղաքական ուժերին համարակալել։ Այսօր անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունները կարողանան ինքնուրույն գործունեություն ծավալել և ինքնուրույն գնան ընտրությունների։ Իհարկե, կարծում եմ, որ քաղաքական դաշտում տեղի կունենան նոր դասավորումներ, և համոզված եմ, որ այդ դասավորումներից կշահի միայն երկիրը։ Երկրին երբեք կեղծ կոալիցիաները օգուտ չեն կարող բերել։ Այս պահին անհրաժեշտ է կանգ առնել և հասկանալ, որ պետք է դադարել ինչ-որ բան ձևացնել։ Մենք այսօր ձևացնում ենք, որ կա կոալիցիա, բայց իրականում այն չկա. կա քաղաքական մոնոպոլիա, և ամեն բան մի կուսակցության ձեռքում է։ Մենք ձևացնում ենք, թե ժողովրդավար պետություն ենք, բայց իրականում ժողովրդավարության հիմնարար երեք սկզբունքները՝ օրենքի գերակայություն, ազատություններ և ընտրությունների միջոցով հասարակության կամքի դրսևորում, խախտված են։ Մենք ձևացնում ենք, որ ազատ տնտեսական հարաբերություններ ունենք, սակայն իրականում դարձյալ երեք հիմնարար սկզբունքները՝ բոլորին հավասար պայմաններ, ազատ մրցակցություն և սեփականության պաշտպանություն ու անձեռնմխելիություն, էապես խախտված են։ Ասածս այն է, որ մինչև այս ձևացումներին վերջ չտանք, անհնար կլինի լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»։

No comments: