Friday, April 15, 2011

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 15-04-2011- Ապրիլի 13-ին պաշտոնական այցով Սլովենիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործընկերոջՙ Դանիլո Թյիրկի հետ մամուլի համատեղ ասուլիսում բանակցությունների արդյունքներն ամփոփելիս անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել էր. «Մեր մյուս հարեւանըՙ Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել»:
Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում վարչապետ Էրդողանի Հայաստանի առնչությամբ արած հայտարարություններին յուրատեսակ պատասխանի բնույթ կրող այս խոսքերին «Հայաստանը կրկին գնդակը նետեց Անկարայի դաշտը» վերնագրով արձագանքեց թուրքական հանրային հեռուստատեսությունը:
Ահա թե ինչ է գրված կայքէջում. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում կրկնեց իր համար արդեն սովորական դարձած արտահայտությունը: Սարգսյանն ասաց, որ Երեւանը չի հաստատի 2009-ին ստորագրված արձանագրությունները, քանի դեռ դրանք առանց նախապայմանի չեն անցել թուրքական խորհրդարանում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը նախատեսող արձանագրությունները երկու խորհրդարաններում էլ չեն հաստատվել: Անցյալ տարվա ապրիլին Երեւանը կասեցրել էր արձանագրությունների (վավերացման) գործընթացը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սլովենիա կատարած այցի ընթացքում նշեց, որ դուրս չեն եկել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից: Սարգսյանն ասաց, որ Երեւանը որեւէ քայլ չի կատարելու, քանի դեռ թուրքական կողմը չի հաստատել արձանագրությունները: Թուրքիան որպես նախապայման առաջադրում է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը նախքան արձանագրությունների հաստատումը: Իսկ Սարգսյանը կրկնում է, որ Հայաստանը չի կարող ընդունել այս նախապայմանները եւ երբեւէ չի ընդունելու»:

No comments: