Friday, April 15, 2011

Քեմալիստները քրդերին ինքնավարություն շնորհելու ակնա՞րկ են անում

HayNews.am. 14-5-2011- Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հիմնած «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը, ով ներկայումս ընդդիմություն է կազմում, Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների համար, ուր մեծ թիվ են կազմում քրդերը, հատուկ բրոշյուր է պատրաստել, որում մի շարք ուշագրավ փոփոխություններ է խոստացել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քեմալիստական կուսակցությունը հունիսի 12-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է «քրդական հարցը լուծել ժողովրդավարության բոլոր պահանջներով», «ոչ ասել ասիմիլացիային», «հարգել ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկությունները», «մայր լեզվով կրթության հնարավորություն», «Դիարբեքիրի բանտը վերածել թանգարանի», «վերացնել հսկողության որոշ տեսակները», «իջեցնել 10 տոկոսանոց անցողիկ շեմը» և այլն:
Վերոհիշյալ նախընտրական խոստումներից կարելի է ենթադրել, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն ակնարկում է քրդերին ինքնավարություն տալու մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (Cumhuriyet Halk Partisi կամ CHP) քեմալիստական հայացքներ դավանող ձախակողմյան կուսակցություն է: Հիմնադրվել է 1923 թվականին, Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի կողմից: Հանդիսանում է ժամանակակից Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությունը:
2010 թվականից կուսակցության նախագահն է Քեմալ Քըլըչդարօղլուն, ով փոխարինեց սեռական սկանդալի կիզակետում հայտնված Դենիզ Բայքալին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) հետո երկրորդ ուժն է՝ ընդհանուր 550 պատգամավորական մանդատներից իր տրամադրության տակ ունենալով 101-ը:

No comments: