Friday, April 15, 2011

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ

Ապրիլի 13-ին Եվրոխորհրդարանի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանականների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրներին:
Դավութօղլուին հակազդեցությամբ արձագանքել էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը : Հետեւաբար, առանց մեկնաբանելու ներկայացնում ենք Թուրքիայի արտգործնախարարի պատասխանները: Ըստ թուրքական«avim.org» կայքէջի, արձագանքելով հայ խորհրդարանականի «Թուրքիան գրավել է Հյուսիսային Կիպրոսն ու Արեւմտյան Հայաստանը եւ ցեղասպանություն է իրագործել» խոսքերին, ասել է. «այս հայտնի մեղադրանքների եւ իրողությունների տարբերությունը հասկանալու համար դուք պետք է միջազգային իրավունք պարապեք»:
Դավութօղլուն վերստին կրկնել է ցեղասպանության պնդումները պատմաբանների համատեղ հանձնաժողովում քննարկելու Թուրքիայի առաջարկը: Նա շեշտը դնելով «արդար հիշողություն» հասկացության վրա, շարունակել է. «Եթե յուրաքանչյուրը գործի իր հիշողությանը համապատասխան, ապա փոխըմբռնում չի լինի»: Ինչպես գրում է թուրքական կայքէջը, ադրբեջանցի խորհրդարանական Գանիրա Փաշաեւան հարց տալու համար Դավութօղլուին դիմել է հետեւյալ խոսքերով. «Ես հարցս ուզում եմ տալ իմ մայրենիՙ թուրքերեն լեզվով»: Նրա հարցին թուրքերեն պատասխանելիս Դավութօղլուն ասել է. «Թուրքիան միշտ դեմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում, այդ թվումՙ շրջաններում շարունակվող օկուպացիային: Փորձել ենք աշխարհի ուշադրությունը գրավել օկուպացիայի հետեւանքով առաջացած մարդկային ողբերգության վրա: Սառեցված այս հակամարտությունը մարդկային տարբեր ողբերգությունների պատճառ է դառնում: Ցավոք աշխարհը բավարար չափով չի հետաքրքրվում օկուպացված տարածքներից տեղահանված տարածքներով: Այդ ուղղությամբ ջանք չի գործադրում»:
Վերջում Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան Կովկասում մնայուն խաղաղության կողմնակից է եւ ակտիվ դիվանագիտություն է բանեցնում Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցում:

No comments: