Friday, April 8, 2011

ԿԱ, ԹԵ ՉԿԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Լրագիր» 7-4-2011- Ինչ է անում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմադիր մամուլին դատի տալուց, որսորդությունից եւ ժամանակ առ ժամանակ արտասահման կատարած եւ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդավոր հանդիպումներից բացի: Պարզ է, որ խոսքը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձնական կյանքի, այլ քաղաքական հետաքրքրությունների մասին է: Դրանք ակնհայտորեն կան, արտահայտվում են ուղղակի կամ անուղղակի այս կամ այն գործողությամբ, բայց այդ ամենը որեւէ կարգավիճակ չի ստանում, որեւէ հստակ ձեւաչափով չի դրսեւորվում:
Մինչդեռ այդ հանգամանքն արդեն լրջագույն դեստրուկտիվ գործոն է դարձել հասարակական-քաղաքական զարգացումների արդյունավետության տեսանկյունից: Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ Ժառանգություն կուսակցությունում շրջում է Ռոբերտ Քոչարյանի ուրվականը: Այսինքն, եթե մինչ այս Րաֆֆին “ծախվել” էր Սերժ Սարգսյանին` իր հացադուլով խփելով Կոնգրեսին, ապա հիմա արդեն պարզվում է, որ Րաֆֆին Քոչարյանին է “ծախվել”, ու այդ ամենը Կոնգրեսի դեմ Քոչարյանն է անում: Փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրից առաջ էլ Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ գործիչ` Դավիթ Շահնազարյանն էր հիշատակել Քոչարյանի մասին, ասելով, թե նա փորձում է ապակայունացնել իրավիճակը երկրում, ինչը Կոնգրեսը թույլ չի տա:

Իշխանությունն էլ, այսինքն Սերժ Սարգսյանը, առայժմ ոչ ուղղակի, բայց տարբեր խողովակներով եւ ակնարկներով հասարակությանը պարբերաբար մեսիջ է հղում այն մասին, թե ներկայիս իշխանության բարեփոխումների արդյունավետության լուրջ խոչընդոտներից մեկը Ռոբերտ Քոչարյանի “պահպանողական” ազդեցության պահպանումն է իշխող համակարգում: Այսինքն, իշխանության համար էլ Քոչարյանի գործոնը դարձել է ինքնարդարացման մի յուրօրինակ բազա, որին կարելի է հղում անել ցանկացած բարդ իրադրության ժամանակ: Այդպիսով, թե Սերժ Սարգսյանի, թե Կոնգրեսի համար Ռոբերտ Քոչարյանի գործոնը ծառայում է որպես ինքնարդարացման ունիվերսալ մի միջոց` ինչ լինի-չլինի, Քոչարյանի գործոնը կա ու կա:

Եվ կա հենց Քոչարյանի շնորհիվ: Հասկանալիորեն պահպանելով իր քաղաքական հավակնությունները, բայց դրանք բավարարելու ճանապարհ ընտրելով առավելապես ստվերային կամ միջնորդավորված գործունեությունը, Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ինքն իրեն շատ հարմար թիրախ է դարձնում թե Կոնգրեսի, թե Սերժ Սարգսյանի համար, որոնք հարմար պահին չեն զլանում հարվածել այդ թիրախին եւ այն օգտագործել իրենց քաղաքական շահի համար:

Միգուցե Ռոբերտ Քոչարյանն ինքն իր համար դա վտանգավոր չի համարում եւ կարծում է, որ ինչքան էլ հարվածեն թե Կոնգրեսը, թե իշխանությունը, միեւնույն է նրանք ի վիճակի չլինելով մեկը կամ մյուսը երկրում իրավիճակ փոխել, կամա թե ակամա ճանապարհ են բացելու հենց իր համար: Քոչարյանը գուցե մտածում է, որ կարգավիճակ, ձեւաչափ եւ հրապարակայնություն չտալով իր հետնախագահական գործունեությանը, ինքը փաստացի խուսափում է ներկայիս բարդ ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվության որեւէ բեռ վերցնելուց:

Դա իհարկե Քոչարյանի գործն է: Բայց այդ “գործը” սկսել է հարվածել հասարակության եւ պետության շահին, քանի որ այդպիսով Քոչարյանը փաստացի կատարում է ներկայիս իրավիճակը “լեգիտիմացնող” դեր, թե Կոնգրեսի, թե Սերժ Սարգսյանի համար լինելով ինքնարդարացման այդ ունիվերսալ միջոցը: Թե հանրային, թե պետական շահը թերեւս պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հստակեցնի` կա ինքը այդ ամենի մեջ, թե չկա: Այլապես նրա գործունեության ներկայիս մեթոդները, պարբերական հարցազրույցային առկայծումները, այցելությունները արտերկիր, դատական հայցերը մամուլի դեմ, սկսել են օգնել գուցե բոլորին` իրեն, Սերժ Սարգսյանին, Կոնգրեսին, գուցե էլի ինչ որ մարդկանց կամ խմբերի, բայց արդեն թերեւս ակնհայտորեն խանգարում են հասարակական-պետական զարգացումների էվոլյուցիոն ընթացքին, հանդիսանալով դրա լուրջ խոչընդոտներից մեկը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: