Saturday, April 9, 2011

Անկարան կանաչ լույս վառեց «Հարավային հոսքի» համար

Tert.am. 8-4-2011- Անկարան թույլատրել է «Գազպրոմին» հետազոտություններ իրականացնել Թուրքիայի այն տարածքում, որտեղով անցնելու է «Հարավային հոսք» խողովակաշարի հատվածը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը, հայտարարել է «Գազպրոմի» արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Օդերովը։
«Գազպրոմի» ներկայացուցչի խոսքով՝ թուրքական կողմի թույլտվությունը հիմք է հանդիսանալու հետագայում խողովակաշարի շինաշխատանքների սկսման համար։
Հիշեցնենք, որ անցած ամիս Ռուսաստանի Դաշնություն էր մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մոսկվայում Թուրքիայի վարչապետի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի համանախագահությամբ տեղի էր ունեցել Ռուս–թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երկրորդ նիստը, որի շրջանակում քննարկվել էր նաև «Հարավային հոսք» նախագիծը։
Նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարել էր, որ թուրքական կողմը դրական պատասխան չի տվել Մոսկվային՝ իր տնտեսական գոտում «Հարավային հոսք» նախագծի շինարարությունը թույլ տալու առնչությամբ։
Սեչինը նշել էր, թե իրենց համար անհասկանալի է թուրքական կողմի նման պահվածքը, և այժմ իրենք մտածում են ռուսական գազն այլընտրանքային ճանապարհով Եվրոպա արտահանելու մասին, այսինքն ոչ թե խողովակաշարով, այլ սեղմված բնական գազի տեսքով։

No comments: