Tuesday, May 3, 2011

Ապրիլյան ձեռնարկ Թեհրանի «Րաֆֆի» համալիրում

Մովսես Քեշիշյան. «Մենք արյուն չէ, որ պահանջում ենք, այլ հող»

Ապրիլի 29-ի երեկոյան, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մեծ դահլիճում կայացավ ելույթներով և գեղարվեստական բաժնով ճոխ մի երեկո, ուր իրենց ներկայությունն էին բերել ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանն ու տիկինը, ԻԻ խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը, Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի անդամներ, ցեղասպանագետ Արտեմ Օհանջանյանը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ և թվով մոտ վեց հարյուր բազմություն:
Ձեռնարկն սկսվեց Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ, Ցեղասպանության լուսանկարիչ» փաստագրական կես ժամանոց ֆիլմի ցուցադրումով, այնուհետ միության տարբեր բաժանմունքների ներկայացուցիչները սիմվոլիկ ծաղկեմատույց կատարեցին: Ապա միության երգչախմբի միջոցով հնչեց Տերունական աղոթքն ու ՀՀ հիմներգը:
Այս նախաբանից հետո, բացման խոսքով հանդես եկավ Թեհրանի ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության դասախոս տկն. Քարմեն Ազարյանը: Նա իր խոսքերում ի միջի այլոց ասաց. «Այսօր այլևս մեր մտահոգությունն այն չէ թե որքանով է աշխարհը տեղեկացված Մեծ Եղեռնի մասին և քա՜նի-քա՜նի պետություններ ու միջազգային կառույցներ են հաստատել այն, ընդունել մեր դատի արդարացիությունը£ Արդեն փաստը և կատարվածը այնքան ակնհայտ ու վավերական է, որ նույնիսկ թուրքերն իրենք են հոգնել տարիների չքմեղ ձևանալուց ու հերքումներից»£
Նա հավելեց. «Փաստորեն ներկա պայմաններում աշխարհասփյուռ հայության գոյությունը փոխկապակցված է միմյանց և մենք պարտավոր ենք Իրանում, Սուրիայում, ԱՄՆ-ում թե աշխարհի որևէ այլ անկյունում ապրելով պայքարել նախ հայ մնալու, ապա հայրենի երկիրը պաշտպանելու և որ կարևոր էª երբեք, երբեք չմոռանալու մեր ազգային դատը, մեր անմեղ զոհերի հիշատակը£ Դա թող լինի մեր ազգային նշանաբանը, մեր ներկա և ապագա անելիքը…»:

Տկն. Ազարյանը տեղեկացրեց նաև, որ միությունը նախատեսել էր հյուր ունենալ հայրենի ռեժիսոր Տիգրան Խզմալյանին, որ, դժբախտաբար, չհաջողվեց և հավելեց. «այդ մասին և օրվա առիթով կբացատրի օրվա բանախոս «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրª Մովսես Քեշիշյանը», ում բեմ հրավիրեց ինքը:
Բանախոսը ելույթն սկսելուց առաջ գովասանքով խոսեց միության արժանավոր անդամ Հայկ Խաջավյանի միջոցով պատրաստված բեմի մասին և ապա իր ելույթը բաժանեց երեք մասիª նախ բացատրություն տվեց նախատեսված հյուրի բացակայության պատճառների մասին, երկրորդ բաժնում համառոտակի ներկայացրեց Ցեղասպանությունն ու նրա հետևանքները, իսկ երրորդումª խոսելով Ս. Զատիկի և Ապրիլ 24-ի համընկման մասին եզրակացրեց իր խոսքը:
Մ. Քեշիշյանը, հայրենի ռեժիսորի բացակայության պատճառների մասին բացատրելուց հետո, ասաց. «Իհարկե ցավալի է, որ չկարողացանք Թեհրանում հյուրընկալել Տիգրան Խզմալյանին, սակայն փաստը մնում է փաստ, որ նրա չգալը ոչինչով չվնասեց մեր գործին, քանի որ ողջ թուրքական մամուլը մի քանի օր շարունակ ի լուր աշխարհի խոսեց այդ մասին, ինչն նախ և առաջ մեր հաջողության և բնականաբար թուրքական կողմի վախի նշանն էր»:
Բանախոսն այնուհետ անցնելով օրվա բուն թեմային ասաց. «1915 թվից դեռ տարիներ առաջ էր սկսել Հայերի ցեղասպանությունը ու դրանից հետո մինչև 1923 թվականը իրագործվեց այն… Իսկ այնուհետ ոչ թե ավարտվեց հայասպանությունը, այլ ուրիշ տեսքով` այս անգամ որպես մշակութային ցեղասպանություն շարունակվեց ու դեռ շարունակվում է մինչև այսօր: Եվ միթե՞ Ցեղասպանության հերքումը Ցեղասպանության շարունակությունը չէ...»:
Մ. Քեշիշյանն ասաց. «Թուրքիայի կառավարությունը տարիներ է, որ աշխատում է տարբեր երկրների համոզել, որ քննարկման նյութ չդարձնեն Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ պատմական ցավերի «միակողմանի» մեկնաբանումը միմյանցից «հեռացնելու» է հայերին ու թուրքերին և «չի նպաստելու» խաղաղությանը»:
Նա ավելացրեց. «Ցավալի է, բայց մեզանում նաև կան մարդիկ, որոնք պնդում են թե մեզ ոչինչ չի տա Ցեղասպանության ճանաչումը և մենք միայն պիտի մտածենք այսօրվա Հայաստանի զարգացման մասին, առանց իսկ մի պահ մտածելու, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելով, ճանաչում պահանջելով, այդ ուղղությամբ պայքարելով, մենք ոչ միայն վառ ենք պահում հայկական պահանջատիրությունը այլ նաև ապահովվում ենք հենց ներկա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը...»:
Մ. Քեշիշյանը խոսելով մերօրյա իրականության մասին, ասաց. «Թուրքիայում տարեցտարի ավելանում է Ցեղասպանությունը դատապարտող մտավորականների թիվը, արդեն կոտրվել է այդ մասին խոսելու տապուն, սակայն հայի իրավունքների մասին խոսելը դեռ հանցանք է համարվում այդ երկրում:
Հայաստանում մեկ կողմից խոսում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաշտ ապրելու և լավագույն դեպքում միայն Ցեղասպանության ճանաչման մասին, իսկ մյուս կողմից ազգային հարցերի լուծումը, հասկանալիորեն, պայմանավորում քաղաքացիների իրավունքների հարգման եւ երկրում օրինապահ պետության կայացման հետ:
Իսկ Սփյուռքում չի դադարում դեպի արևմուտք գաղթը: Այստեղ էլ հիմնական պարտականություն է համարվում միայն Ցեղասպանության ճանաչման հասնելը»:
Ապա եզրակացրեց. «Մեր տեսակետից Հայաստանի Հանրապետությունը լուրջ հարցերի դեմ հանդիման է կանգնած. այն կորցրել է իր բնակչության, առնվազն, մեկ երրորդը: Ուստի ցանկացած փորձ, որ կարող է արգելակել արտագաղթը և քաղաքացուն իր վաղվա նկատմամբ վստահություն ներշնչել, պիտի պաշտպանվի և պետության և ըմդդիմության կողմից: Հարկավոր է ամեն ինչ անել որ ժողովուրդը մնա և ապրի իր հողումª դադարի արտագաղթը:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանըª Թուրքիայի նկատմամբ մեր իրավունքների հարցը չի կարելի հավասարեցնել Ցեղասպանության ճանաչման բարոյախոսության հետ: 1965-ին, Խորհրդային սահմանափակումների տարիներում, կես միլիոն հայություն Երևանում բացականչեց` «Մեր հողերը», այսօր, անկախացած Հայաստանի օրերում, չենք կարող և իրավունք չունենք միայն «մեր զոհերի» մասին խոսել և անտեսել նրանց երազանքը: Մենք արյուն չէ, որ պահանջում ենք, այլ հող»:

Օրվա առիթով բեմ հրավիրվեցին նաև ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ու Իսլ. Խորհրդարանում թեհրանահայության պատգամավոր Գեորգ Վարդանը:
Պրն. դեսպանը խոսելով պատմության մասին շեշտեց. «Ցեղասպանությունը իրականում սկսվեց այն օրվանից երբ տարածաշրջան ոտք դրին քոչվոր ցեղերը»:
Գ. Առաքելյանը հիշեցնելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնելու է իր անկախության 20-րդ տարեդարձն, ասաց. «Այսօր, 96 տարի Հայոց Ցեղասպանությունից հետո, մենք ավելի հզոր ենք և որպես Հայաստան և որպես Սփյուռք: Մենք երբեք իրավունք չենք տալու պատմությունը կրկնվի և ամեն ինչ անելու ենք Ցեղասպանության ճանաչման և նրա հետևանքների վերացման համար»:
Իսկ պատգամավոր Գեորգ Վարդանը, բարձր գնահատելով տարբեր միություններում կայացող ապրիլյան ձեռնարկները, տեղեկացրեց, որ «Վերջերս Թուրքիայի դեսպանը այցելել էր Իսլամական խորհրդարան և հանդիպել Իրան-Թուրքիա խորհրդարանական բարեկամության հանձնախմբի նախագահին և իր դժգոհանքն էր հայտնել Հայոց Ցեղասպանության առնչությամբ իրանահայության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ»:

Գեղարվեստական բաժնում ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մեղեդի» երգչախումբը, (Խմբավար՝ տկն. Այդա Փանոսյան), կատարեց «Ծիծեռնակ» և «24 Ապրիլ» երգերը, Պարույր Սևակի «Ղողանջ եղեռնական»-ը հրաշալի կերպով ասմունքեց 8-ամյա Փյունիկ Խուդավերդյանը, Միության «Անի» պարախումբը, (Գեղարվեստական ղեկավար՝ տկն. Կարինե Մանուչարյան), հանդես եկավ «Ադանա» և «Կյանքն իմ ձերն է» պարերով, տկն. Քրիստինե Մարգարյանը ջութակով նվագեց Կոմիտասի «Կռունկ»-ը, գեղեցիկ ասմունքներով բեմ դուրս եկան նաև Մեղրի Բուդաղյանը՝ «Պար» (Սիամանթո) և Ժոզեֆ Ամիրյանը՝ «Ղողանջ Զարմանքի» (Պ. Սևակ): Բեմը պատրաստել էր Հայկ Խաջավյանը, իսկ օրվա պատասխանատուն Արթին Բաղումյանն էր: Ձեռնարկն ավարտվեց, բոլորի մասնակցությամբ, ոտնկայս, «Սարդարապատ» երգով:

No comments: