Tuesday, May 3, 2011

ԱՐՏԱՌՈՑ ՉԷ՞

«ԱԶԳ», 03-05-2011- Մայիսի 2-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության խոսնակ Արիֆ Բաբաեւը հանդես է եկել հայտարարությամբ եւ ասել, որ «ԱԱՆ-ը գործուն պայքարում է պետականության հիմքերի հանդեպ ամենատարբեր սպառնալիքների, այդ թվում` ահաբեկչության դեմ: Դրա համար անցկացվում են անհրաժեշտ պրեվենտիվ միջոցառումներ, ԱԱՆ աշխատակիցները ջանքեր են գործադրում` պաշտպանելու Ադրբեջանի շահերը, պետության եւ քաղաքացիների անվտանգությունը»:
Սույն հայտարարությունը տարածող` գրեթե պաշտոնական լրատվամիջոցի համարում ունեցող 1news.az-ն արել է մի ուշագրավ հավելում. «Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, Պակիստանում, Իսլամաբադից ոչ հեռու առանձնատանն սպանվել է Ուսամա բեն Լադենը»:
Պատահակա՞ն է այս հետգրությունը: Լրագրողական ինքնագործունեությու՞ն: Հազիվ թե: Այն ավելի շուտ թողնում է ԱԱ նախարարության խոսնակի ասածի մեկնաբանություն: Այսինքն, լրատվամիջոցը բացատրում է, թե ինչ առիթով է հայտարարություն տարածել ազգային անվտանգության ծառայությունը: Եվ դա ամերիկացի զինվորների կողմից Ուսամա բեն Լադենի սպանությունն է, որից հետո, ենթադրվում է, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները «ջանքեր են գործադրում` պաշտպանելու Ադրբեջանի շահերը, պետության եւ քաղաքացիների անվտանգությունը»:
Իսկ ինչու՞ պիտի թիվ մեկ ահաբեկչի սպանությունը «վտանգի Ադրբեջանի շահերը», որպեսզի այն կանխելու համար էլ հատուկ ծառայությունները «ջանքեր գործադրեն», ինչից կարելի է հասկանալ, որ հարեւան հանրապետությունում պարզապես «հակաահաբեկչական գործողություն» է իրականացվում:
Ըստ էության, Ադրբեջանի ԱԱՆ-ը խոստովանում է, որ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո կա «ահաբեկչության թիրախ դառնալու սպառնալիք»: Իսկ դա կարող է բխել «Ալ Ղաիդայից» կամ որեւէ այլ` արմատական իսլամականության ջատագով կազմակերպությունից: Փաստորեն Ադրբեջանն զգուշացած է «հավանական վերժխնդրությունից»:
Ամենահետաքրքրականը թերեւս դա է: Ինչո՞ւ: Ուշագրավ է, որ ԱԱ նախարարության խոսնակը չի ասում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի «պաշտպանված լինեն օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները»: Նա հստակ ասում է, որ գործադրվող ջանքերն ուղղված են «Ադրբեջանի շահերի, պետության եւ քաղաքացիների անվտանգության» պահպանմանը:
Ուստի կարելի է ասել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոսնակն ինչ-որ կերպ ակնարկում է իր երկրում «Ալ Ղաիդայի» կամ այլ ահաբեկչական կազմակերպության ներկայացվածությունը: Կամ էլ հասկացնում է, որ Ադրբեջանն «ինչ-որ կերպ ներգրավված է Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը, ինչի դիմաց էլ իսլամ ծայրահեղականները կարող են վրեժխնդրության դիմել»:
Այսպես թե այլ կերպ` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն Ուսամա բեն Լադենի սպանության լուրը Պակիստանի կողմից եւս հաստատվելուն զուգահեռ հանդես է եկել բազմանշանակ հայտարարությամբ: Եվ դա առնվազն արտառոց է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: