Wednesday, May 4, 2011

ԱՄԲՈՂՋԸ ՉԵՆ ԶՈՀՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՄԱՍԻ

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը

-Հայաստանի ներքին կյանքում, ըստ Ձեզ, ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում: Այսօր կարո՞ղ ենք փաստել, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունն արդեն սկսվել է:
-Ընդդիմություն-իշխանություն երկխոսություն դեռ չկա և պարզ էլ չէ, թե երբ կսկսվի այն, կսկսվի՞, թե՝ ոչ։ Երկխոսությունը ընդդիմության առաջարկած ճանապարհն է։ Սերժ Սարգսյանը գուցե կատարի բոլոր երեք պահանջները, բայց չգնա երկխոսության։ Դա երևում է նրանից, որ ՀՀԿ-ական որոշ մեկնաբաններ սկսել են արդարանալ, թե իրենց առաջնորդն իբր նախընտրական ծրագիր է կյանքի կոչում։ Այսինքն՝ Կոնգրեսի պահանջները չի կատարում, Կոնգրեսի համառության շնորհիվ սաստկացած միջազգային տոնայնությանը չի ենթարկվում, այլ անում է այն, ինչի մասին երազել է մանկուց։ Եւ մանկության այդ երազանքն իրականացնելուն զուգընթաց քարոզչական մի կամպանիա է տանում, որ լրատվության բազմազանությունից զուրկ հասարակության վրա «իշխանություն-ընդդիմություն» գործարքի տպավորություն թողնի։ Անհաջող թմրադեղ է ընտրված, քանի որ հասարակությունը հետ կամ առաջ նայելիս՝ տեսնում է, որ առանց իր պայքարի ոչինչ չի եղել եւ չի լինելու։

-Իսկ ե՞րբ կլինի լիարժեք երկխոսություն:
-Երեք պահանջների կատարումից հետո ՀԱԿ-ը կհայտարարի, թե պատրաստ է երկխոսության: Կարձագանքի՞ այդ պատրաստակամությանը իշխանությունը, չեմ կարող ասել: Ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից եւ պայքարի էներգիայից։ Եթե ժողովուրդը ստիպի իշխանություններին գնալ երկխոսության, այսինքն՝ քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, եռամյա պայքարը տրամաբանական շարունակություն կունենա։ Եթե չստիպի, կստացվի, որ Սերժ Սարգսյանը հաշվի է նստել ընդամենը միջազգային հանրության կարծիքի հետ։

-Տեսնում ենք, որ թեև ՀՀԿ առանձին պատգամավորներ չեն խոսոտովանում, թե Սերժ Սարգսյանը կատարում է ընդդիմության պահանջները, բայց նույն ինքը` Սերժ Սարգսյանը, խոստովանում է, որ երկրում կա ընդդիմություն:
-Սերժ Սարգսյանը PR-ով է զբաղված։ PR-ն ապրանք ծախելու համար է, բայց ինքն ապրանք չունի։ Փաստում է ընդդիմության կարևորությունը, հայտարարում է մարտի 1-ը բացահայտելու անհրաժեշտության մասին, անորոշ մտքեր է հայտնում քաղբանտարկյալների խնդրի շուրջ՝ փորձելով հանգստացնել հասարակությանը: Լավ, ենթադրենք, հասարակության մի մասը ժամանակի որոշակի հատվածում հավատաց ու սպասեց, ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը հետո, ի՞նչ է անելու կառավարությունը, ի՞նչ են անելու նախարարներն ու մյուս պաշտոնյաները, որոնք սեփական գրպանից բացի՝ այլ բանի մասին մտածելու սովորություն չունեն։

-Մարտի 1-ի հանրահավաքից հետո կառավարությունը դեպի գյուղ «արշավանք» սկսեց։ Տպավորություն կար, թե մտահոգված են, լուծումներ են փնտրում։
-Կառավարությունն ինքն էլ գլխի չընկավ, թե այդ արշավանքով ինչ օգուտ տվեց շարժմանը։ Երբ մարդը հիվանդ է, նրա մոտ պետք է բժիշկ տանել, պետք է դեղ տալ, բայց եթե գնում ես մոտը, որ հիշեցնես հիվանդության մասին, շատ անհարմար բան է ստացվում։ Մի առիթով ասել եմ, կրկնեմ՝ այս իշխանությունները գուցե ուզում են լավ բան անել, բայց չեն կարողանում. համակարգը թույլ չի տալիս։ Շատ դժվար պահեր են եղել, երբ Սերժ Սարգսյանը, քաղաքական կամք դրսեւորելով, կարող էր «մատ» անել ընդդիմությանը, բայց չի արել, որովհետեւ համակարգը կարծր է, եւ այդ կարծրությունը դիմադրում է ամբողջ ուժով։

-Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակության զգալի հատված համաձայն չէ ընդդիմության ընտրած մարտավարության հետ: Արդյոք չի ստացվում, որ հասարակությունն այսօր իր պահանջներով շատ ավելի առաջ է ընդդիմության առաջ քաշած երեք պահանջներից:
-Ողջունում եմ հասարակության այն անդամներին, ովքեր առավելագույնն են ուզում և ուզում են միանգամից, բայց տրամաբանությունն ինձ համար ավելին է, քան ազնվագույն այդ մարդկանց անկեղծ մղումը։ Եթե դրված երեք պահանջից 2.5-ը կատարված է, 0.5-ը՝ ոչ, արժե՞ վտանգել 2.5-ը հանուն 0.5-ի, երբ դա վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, իսկ բանտում գտնվող այդ մարդիկ, ի տարբերություն արագացման կողմնակիցների, համաձայն են համբերել ու սպասել։ Ամբողջը չեն զոհում, չէ՞, հանուն մասի։ Հակառակը երբեմն պատահում է, բայց քաղաքացիական մեր շարժումը մի առանձնահատկություն էլ ունի՝ երբեք չի դնում մասնակի պահանջներ, կարեւորելով անաղճատ ամբողջականությունը։

-Երեք տարի շարունակ ընդդիմությունն ասում է, որ գնում է արտահերթ ընտրությունների, բայց իր գործողություններով արդյո՞ք չի տանում հերթական ընտրությունների, սա արդյո՞ք նախընտրական պրոցեսներից առաջ սկսված գործողություններ չեն:
-Արտահերթ, թե՝ հերթական` խնդիրն ինձ համար սկզբունքային չէ։ Ես ավելի կարեւոր եմ համարում հիմքը, ընտրության նախապայմանը։ Սերժ Սարգսյանը երբեք չէր ասել եւ առանց հասարակական ճնշման չէր էլ ասի, թե պատրաստ է բացահայտել մարտի 1-ը։ Հիմա պետք է հետևողական լինել եւ ստիպել, որ խոսքը գործ դառնա։ Մարտի 1-ի բացահայտումը ոչ զոհերի հարազատների իղձն է միայն, ոչ էլ սոսկ Կոնգրեսի նպատակը։ Դրանով է պայմանավորված Հայաստան պետության հեռանկարը։ Եթե հասարակությունը ստիպի, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ արդյունավետ քայլեր արվեն, այդ ժամանակ, հավատացեք, չորրորդական կամ հինգերորդական խնդիր կդիտվի ընտրությունների հերթական-արտահերթ լինելը։ Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ ուղիղ պատասխանից, ասեմ՝ Կոնգրեսի անշտապ մարտավարությունը հուշում է, որ ընտրություններն արտահերթ են լինելու։

-Վերջին շրջանում առավել շատ սկսել են խոսել նոր ուժի կամ երրորդ ուժի անհրաժեշտության մասին: Այսօր երրորդ ուժի ստեղծման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:
-Ոչ, չեմ տեսնում։ Մի անգամ էլ, կարծեմ, էլի Ձեզ տված հարցազրույցում, ասել եմ, որ Հայաստանում նոր ուժ չի կարող առաջանալ, մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը չհանգուցալուծվի։

-Մեր զրուցակիցներից մեկն ասում է, որ ընդդիմությունը չի ուզում վերցնել իշխանությունը, այլապես 2008-ի մարտի մեկին այն ավելի հեշտ կլիներ վերցնել, քան հիմա:
-Չգիտեմ՝ ինչ է նկատի ունեցել Ձեր զրուցակիցներից մեկն «իշխանություն վերցնել» ասելով, բայց գիտեմ, որ հրապարակի ժողովրդի իղձը (ոչ երեկ, ոչ այսօր) իշխանություն վերցնելը չէ։ Եթե այդպես լիներ, ժողովուրդը, Տեր-Պետրոսյանի ասածի պես՝ կթքեր Կոնգրեսի կարծիքի վրա ու կգնար համապատասխան շենքերը գրավելու։ Մարդիկ հասկանում են, որ պետք է մեկընդմիշտ վերջ դնել քաղաքական պայքարի այս տեսակին եւ վերացնել բարիկադները, դրա համար էլ ընդունում են Կոնգրեսի առաջարկած տաբերակները։ Ճիշտ է, մեկ-մեկ նեղսրտում են, բայց դա անցողիկ է։

-Պարոն Պասկևիչյան, եթե ամփոփենք, վիճակը, կարծես, կայո՞ւն է, ընդդիմությունը պահանջներ է դնում, իշխանությունն էլ կամաց-կամաց կատարում է, և սոցիալական բունտի հավանականությունն էլ քչանում է:
-Սոցիալական բունտի հնարավորությունը Կոնգրեսի կողմից երբեք չի օգտագործվել իշխանությունների դեմ՝ որպես «բոբո»։ Հացի կամ ունեցվածքի վերաբաշխումը երբեք չի դիտվել որպես սոցիալական հավասարության երաշխիք։ Ամբոխավարությունն անպատասխանատու վարքագիծ է, ոչ մի տեղ տանող ճանապարհ։ Դրա համար էլ սեփական վարկանիշի ժամանակավոր կորուստը սարսափելի չի թվում։ Ահավորը եռամյա տքնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերածը կորցնելն է։ Իսկ չկորցնելու համար պետք է հստակ տարբերակել հանգրվանը նպատակակետից։ Պետք է չտրվել մոլորություններին եւ հասկանալ, որ գործընթացն ավարտ չունի։ Երեք պահանջների կատարմամբ պայքարը չի վերջանում, հակառակը՝ սկսվում է նոր ու ավելի ծանր փուլ։ Ռեսուրսը պետք է պահպանել այդ օրվա համար։

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Lragir», 4-5-2011

No comments: