Wednesday, May 4, 2011

Թուրքիայի նախագահը մասնակցելո՞ւ Է հայկական եկեղեցու վերաբացմանը (ֆոտո, վիդեո)

«NEWS.am», 04.05.2011: Ստամբուլի հայկական Որդվոց Որոտման եկեղեցու վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին եւ բացմանը հնարավոր է՝ մասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Պոլսահայ հայտնի ճարտարապետներից Գրիգոր Ամիրա Պալյանի կողմից 19-դարի սկզբին կառուցված Որդվոց Որոտմանը վերանորոգումը սկսվել է «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում՝ պետության աջակցության շոնրհիվ: Վերականգնման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել պետությունը, իսկ մնացած 30 –ը` Քումքափըի հայկական եկեղեցու հիմնադրամը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիշյալ եկեղեցու շինարարական աշխատանքների ղեկավար, ճարտարապետ Գեւորգ Քարագյոզյանը նշեց, որ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պետությունը ֆինանսավորում է հայկական համայնքին պատկանող եկեղեցու վերանորոգման աշխատանքները: «Մի առանձնահատկություն եւս: Պոլսո Հայոց պատրիարքարանի դիմաց գտնվում են երեք եկեղեցի: Սուրբ Խաչն անմիջական ենթարկվում էր Էջմիածնին, Մարիամ Աստվածածին եկեղեցին՝ Պոլսո պատրիարքարանին, իսկ այս եկեղեցին՝ Որդվոց Որոտմանը՝ Երուսաղեմի հայկական պատրիարքարանին: Եկեղեցին մոտ 100 տարի է՝ չի գործում: Այն վերականգնվում է առանց որեւէ ճարտարապետական փոփոխության»,-նշեց հայազգի ճարտարապետը՝ շեշտելով, որ եկեղեցին վերաբացվելուց հետո օգտագործվելու է նաեւ մշակույթային միջոցառումներ անցկացնելու նպատակով՝ չկորցնելով սրբավայր լինելու նշանակությունը:
Գեւորգ Քարագյոզյանը հիշեցրեց, որ Որդոց Որոտմանի վերանորգման աշխատանքների համար հատկացվել է մոտ 1,5 մլն դոլար, իսկ աշխատանքները գտնվում են պետնախարարի մշտական ուշադրության կենտրոնում: Այն հարցին,թե Ստամբուլի հայկական եկեղեցիներն ինչո՞ւ են տարբերվում հայկական ավանդական եկեղեցու ճարտարապետական ոճից, Գեւորգ Քարագյուզյանը նշեց, որ Օսմանյան շրջանում Պոլիսը հունական ոճով կառուցված քաղաք էր, եւ հայկական եկեղեցիների կառուցողները ստիպված են եղել ընտրել բազիլիկյան ոճը:
Եկեղեցու վերանորգման աշխատանքներն իրականացնող պատասխանատուները ուշադրության հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ խոսակցություններ կան, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցելու է Որդվոց Որոտմանի վերաբացման արարողությանը: Նրանք շեշտեցին, որ եկեղեցու վերանորոգման
աշխատանքների ընթացքում բազմաթիվ թուրք պաշտոնյաներ են այցելել՝ տեսնելու ընթացող աշխատանքները:
Եկեղեցու առանձնահատկություններից է այն, որ կառուցման մեջ մեծամասամբ փայտ է օգտագործվել: Փայտի աշխատանքները ղեկավարում է 70-ամյա հայազգի վարպետ Օնիկը, ով ծնվել է Սվազում եւ այնուհետ տեղափոխվել Ստամբուլ: Նա վաղ հասակից զբաղվել է փայտամշակմամբ եւ Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում եւ դպրոցներում իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, որոնք կապված են եղել փայտի հետ:

No comments: