Wednesday, May 4, 2011

ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԿՏԱԿԸ

«Lragir.am», 03.05.2011: Ուսամա Բեն Լադենը չի ցանկացել, որ իր մահից հետո իր կանայք նորից ամուսնանան, եւ չի ցանկացել, որ իր երեխաները գործ ունենան Ալ Քաիդայի հետ: Այդ մասին, ըստ Քուվեյթի Al-Anbaa թերթի, գրված է նրա կտակում, որ հրապարակել է թերթը:
“Անձնական եւ կոնֆիդենցիալ” նշագրումով փաստաթուղթը գրվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին, սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից երեք ամիս անց: Այդ ժամանակ ԱՄՆ զորքերը արդեն իսկ որոնում էին Բեն Լադենին Աֆղանստանում:
Չորս էջանոց կտակը տպված է համակարգչով եւ ստորագրված է “ձեր եղբայր Աբու Անդուլլահ Ուսամա Մուհամմեդ բեն Լադենի” կողմից, գրում է բրիտանական Guardian-ը:
Ալ Քաիդայի առաջնորդը իր կտակում գրում է, որ իր մահը կարող է լինել մերձավոր շրջապատի դավաճանության հետեւանք: Նա հիշատակում է սեպտեմբերի 11-ի ահաբեկությունը, նաեւ 1983 թվականին Լիբանանի նավատորմում մահապարտի ինքնապայթեցումը, Սոմալիում 1993 թվականին 19 ծովային հետեւակայինների սպանությունը, ինչպես նաեւ 1998 թվականին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթյունը:
Բեն Լադենը իր կանանց հորդորել է չամուսնանալ երկրորդ անգամ`իր մահից հետո, իսկ երեխաներին էլ հորդորել է կապ չունենալ Ալ Քաիդայի հետ եւ չգնալ պատերազմ: Նա երեխաներից ներողություն է խնդրում նաեւ նրանց հետ քիչ ժամանակ անցկացնելու եւ ջիհադին նվիրվելու համար:
Guardian-ը գրում է, որ Քուվեյթի թերթը չի բացահայտում, թե ինչպես է իր տրամադրության տակ հայտնվել Բեն Լադենի կտակը:

Նկարում Բեն Լադենի որդին եւ հարսը

No comments: