Wednesday, May 4, 2011

Թուրք բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` հարաբերությունների կարգավորման ցանկությունն օտարելու համար. Սերժ Սարգսյան

«Tert.am», 03.05.2011: Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերն օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորութ¬յունները՝ կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում` երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:

Ստորև ներկայացվում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ.
«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հենց նոր իմ հարգարժան գործընկերոջ հետ բովանդակալից զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ: Կարևորեցինք Հայաստանի և Շվեյցարիայի միջև վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որն արտացոլվեց այս կարճ ժամանակահատվածում կայացած մեր փոխայցերում և խորհրդանշվեց Երևանում Շվեյցարիայի դեսպանատան բացմամբ: Մեր երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների առկայությունը վստահաբար նոր դինամիկա կհաղորդի մեր բարեկամական հարաբերություններին և կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:
Մենք համակարծիք էինք, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք շահագրգռվածություն հայտնեցինք լիարժեքորեն օգտագործել տնտեսական համագործակցության համար առկա հնարավորությունները:
Իմ շվեյցարացի գործընկերոջն առաջարկեցի փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը:
Իմ անկեղծ գոհունակությունը հայտնեցի Շվեյցարիայի իշխանություններին՝ այս օրերին անցկացվող Ժնևի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցության համար: Երեկ մեծագույն հաճույքով ներկա գտնվեցի գրական աշխարհի միջազգային այս խոշոր իրադարձությանը և այնտեղ ականատես եղա այն ջերմ ընդունելությանը և մեծարանքին, որ Շվեյցարիան արժանացրել է Հայատառ գրքի կեսհազարամյա պատմությանը, ինչպես նաև Հայոց պատմության, մշակույթի, հայ գրական գործիչների և հայ արվեստագետների գործունեության լուսաբանմանը: Կցանկանայի հատուկ արժևորել այն կարևոր դերակատարությունը, որ ստանձնել է Շվեյցարիայի հայ համայնքն այս արժանահիշատակ իրադարձության իրականացման համար։
Այդ ցուցահանդեսին մեր մասնակցությունը նախանշում և սկիզբ է դնում 2012թ. Հայաստանում և արտերկրում նշվող հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ծրագրված բազմաթիվ միջոցառումներին:
Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես Նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար:
Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը:
Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ Ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է: Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է:
Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։ Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար»։

No comments: