Wednesday, May 11, 2011

Ֆասիեն պատասխանել է Զոհրաբյանին. «Դա բացառապես Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է»

Panorama.am. 10-5-2011- Ինչպես հիշում ենք, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի` ի դեմս վեհաժողովի ազգությամբ թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուի ջանքերով, բյուրոն հաստատել էր ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի վերականգնումը: Այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերստեղծմանը կողմ էր քվեարկել ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր Ֆրանսիայի ներկայացուցիչը և ինչպես Panorama.am-ը գրել էր` ելնելով այդ հանգամանքից վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել էր ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին:
Նամակում, մասնավորապես, Հայաստանի ներկայացուցիչը ցանկություն էր հայտնել տեղեկանալ ՄԽ համանախագահի արձագանքին, թե ինչպե՞ս է նա վերաբերում թուրք-ադրբեջանական տանդեմի համառ ջանքերին` ցանկացած գնով ԼՂ խնդիրը ԵԱՀԿ ՄԽ հարթությունից տեղափոխել միջազգային այլ կառույցների հարթություն:
Մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ստացել է Բ.Ֆասիեից իր նամակի պատասխանը, որում ֆրանսիացի համանախագահը շեշտել է, թե ի գիտություն է ընդունել Ն.Զոհրաբյանի մտահոգությունը, որ վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքները կարող են միջամտել ԵԱՀԿ ՄԽ կողմից տարվող բանակցություններին.
«Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2011թ-ին այս հանձնաժողովի վերականգնումը, ինչպես գիտեք, ԵԽԽՎ նախագահ Մ.Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է և զուտ ֆորմալ որոշման արդյունք, որը հետապնդում է առավել քաղաքական, քան ուղակիորեն գործնական նպատակներ»,- Panorama.am-ի հետ զրույցում Բ. Ֆասիեի նամակում առկա խոսքերը մեջբերեց Ն.Զոհրաբյանը:
Բացի այս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահը իր պատասխան նամակում ցանկություն է հայտնել հիշեցնել Ֆրանսիայի անվերապահ հանձնառությունը մյուս համանախագահների ` ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մեկտեղ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողքին օգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված և բանակցված լուծումների հասնելու իմաստով.
«Բոլոր կողմերի համար ընդունելի այս ձևաչափի շրջանակում ընթացող բանակցությունները միայն թույլ կտան հասնելու այս հակամարտության քաղաքական-բանակցված հանգուցալուծմանը»,- դարձյալ մեջբերեց մեր զրուցակիցը:
Այլ կերպ ասած, նշեց Ն.Զոհրաբյանը, Ֆրանսիայի ներկայացուցիչը ևս մատնանշում է այն, ինչի մասին բազմիցս ասել և շարունակում է ասել հայկական կողմը` այդ ենթահանձնաժողովի վերստեղծումը ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է.
«Եվ երկրորդ` հաստատագրում, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել կողմերի համար ընդունելի միայն այս շրջանակում: Այն է`ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հավելեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ նամակի մասին այսօր զրուցել է նաև ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ, որը գտնվում է Հայաստանում ` ակնկալելով լսել այս ամենի վերաբերյալ հիշյալ կառույցի նախագահի արձագանքը ևս:

No comments: