Tuesday, January 31, 2012

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. Մեր նպատակը պահանջատիրական պայքարի ոգին կենդանի պահելն է

News.am. 31-1-2012- Իրանի իսլամական հանրապետութունում ապրում են շուրջ 60-70 հազար հայեր, որոնց մեծ մասը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում Թեհրանում: Հայ համայնքի ծխական կյանքի մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: -Թեհրանում հայ համայնքի երիտասարդներին համայնքի ու թեմի կյանքին ներգրավելու ուղղությամբ ներկայումս ի՞նչ աշխատանքներ են իրականացվում: -Մենք ջանք չենք խնայում, որ ոչ միայն երիտասարդ սերունդը, այլեւ ընդհանրապես ժողովուրդը սերտորեն ներգրավված լինի եկեղեցուն եւ հոգեւոր կյանքին: Նախ, թեմում օրերից մեկը հայտարարել ենք որպես երիտասարդության օր: Երկրորդ` երիտասարդների հատուկ հանձնախումբ ունենք, որը տարվա ընթացքում երիտասարդների համաեւ միջոցառումներ է կազմակերպում` լինի դա համագումար, հավաքույթ, եկեղեցում ներկայություն կամ ուխտագնացություն դեպի մեր մոտակա ուխտատեղիներ: Այս բոլոր աշխատանքները մեր երիտասարդաց հանձնախումբն է անում, որպեսզի երիտասարդներին ներգրավի եկեղեցու հոգեւոր կյանքում: Ունենք նաեւ մեր ինտերնետային կայք, որտեղ երիտասարդները եկեղեցուն կամ ազգային կյանքին վերաբերող հարցերին առցանց պատասխանելու հնարավորություն ունեն: -Սրբազան, Թեհրանում կան նաեւ այլ կրոնական կազմակերպություններ, որոնց եկեղեցին աղանդ է անվանում, որոնք իրենց շարքերում են ներգրավում հայ համայնքի ներկայացուցիչներին: Ի՞նչ ազդեցություն ունեն այդ կազմակերպությունները համայնքի հոգեւոր կյանքում եւ թեմն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այդ ազդեցությունը չեզոքացնելու համար: -Բնականաբար քրիստոնեական ամեն գաղութներում էլ գտնվում են աղանդավորներ: Ես աղանդավորությունը նմանեցնում եմ հիվանդության, որը երբ մարմնի մի կողմում տկար տեղ տեսնի, անմիջապես հարձակում է եւ այդ որդը տարածում: Աղանդավորներն էլ նկատում են, որտեղ որ տկար համայնք կա, քրիստոնեական իրենց հավատքի մեջ տկար խմբակցություններ կան, անմիջապես այնտեղ են վազում: Դրա համար աղանդավորական շարժումներին դեմ լինելու, իմ պատկերացումով ամենաճիշտ ձեւը ժողովրդին քրիստոնեական ուղիղ վարդապետությամբ դաստիաակելն է: Այս իմաստով, մենք որպես թեմ եւ որպես հոգեւոր իշխանություն մեծ աշխատանք ենք տարել եւ տանում: Այդ աշխատանքն անում ենք երիտասարդների շրջանում, կազմակերպչական աշխատանքերով, հրատարակչական աշխատանքներով, ժողովրդի համար հոգեւոր լսարարանների կազմակերպումով: Ամեն անգամ 25-30 զույգ եմ հրավիրում եւ իրենց հետ հանդիպումներ եմ ունենում եւ երբեք աղանդավորական շարժումների մասին չենք խոսում, խոսում ենք մեր եկեղեցու վարդապետության մասին, որովհետեւ նրանց մասին խոսելիս նրանց արժեք տված կլինենք: Նրանց արհամարհելը եւ մյուս կողմից քո եկեղեցու պատմությունը, վարդապետությունը, կյանքը ժողովրդին փոխանցելը, ես կարծում եմ, շատ ավելի դրական գործ է, քան թե եկեղեցու խորանից կոչ հղել, որ այդ աղանդավորներին մի ընդունեք, այս արեք, այն արեք: -Իրանի տարածքում բազմաթիվ հայկական եկեղեցիներ կան, որոնք մշակութային արժեք են ներկայացնում, ի՞նչ վիճակում են գտնվում դրանք եւ ի՞նչ աշխատանքներ են տարվում պահպանության համար: -Իրանում մենք ավելի քան 300 եկեղեցիներ ունենք, պատմական հին դարերից եկող եւ նաեւ 19-րդ կամ 20-րդ դարում կառուցված: Այն վայրերը, քաղաքները, որտեղ հայություն դեռ կա, այդ եկեղեցիները տեղի գաղութի սեփականությունն են եւ համայնքը հոգ տանում է, իսկ այն վայրերը, որտեղ այլեւս հայություն չկա, մեր եկեղեցիների պահպանությունը հանձնված է Իրանի մշակութային ժառանգության կազմակերպությանը, որը պետական կառույց է եւ որի հիմնական նպատակն է պահպանել բոլոր ազգային այն արժեքները` եկեղեցիները, կոթողները, որոնք եկել են դարերից: -Թեմում վերջին տարիներին բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել: Ըստ ձեզ, որո՞նք են հիմնականները: -Թեհրանում կա 17 միջնակարգ եւ տարրական դպրոց եւ 4 մանկապարտեզ: Մեր դպրոցների շենքերի մի կարեւոր մասը հին շենքեր են եւ վտանգավոր: Մենք այդ դպրոցները քանդում ենք եւ նորերն ենք կառուցում: Վերջերս վերկառուցվեց Թունյան նոր ուղեցույց դպրոցը եւ հիմա ընթացքի մեջ է Սասուն մանկապարտեզի շենքը, որի վերակառուցումը շուտով ավարտվելու է: Մեր ծրագրում ունենք մեկ-երկու դպրոցներ, որոնք ավելի քան 60 տարվա շինություններ են եւ որոնց կառույցը վտանգավոր է: Առաջիկայում դրանք էլ պետք է քանդենք եւ վերակառուցենք: Ինձ համար մեր բոլոր աշխատանքներն էլ կարեւոր են, որովհետեւ սփյուռքում նոր աշխատանքերի հիմնական նպատակակետը ոչ միայն գոյապահպանումն է, այլեւ նոր սերնդի գիտակցության մեջ մեր ժողովրդի առաքելությունը եւ նաեւ մեր պահանջատիրական պայքարի ոգին կենդանի պահելը, որովհետեւ մենք ժողովուրդ ենք, որ զրկված ենք մեր հայրենիքի մեծ մասից: Մենք ցեղասպանության ենթարկված ժողովուրդ ենք եւ հետեւաբար մենք մեր պահանջատիրական պայքարը ունենք:

No comments: