Wednesday, May 4, 2011

Խմբագիրները մտահոգիչ են համարում մամուլում տիրող իրավիճակը

«Tert.am», 03.05.2011: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրավիրած ասուլիսում լրատվամիջոցների խմբագիրները մտահոգիչ համարեցին հայաստանյան մամուլում տիրող իրավիճակը։
«Երեկ մի լրագրող ինձ զանգեց, ասեց, թե՝ մեկ հարց ունեմ։ Ասացի՝ տվեք հարցը։ Հարցրեց՝ մեր մամուլն ազա՞տ է, թե՞ ոչ։ Ասի՝ ես էդպիսի ոչ կոնկրետ հարցերի չեմ կարող պատասխանել։ Այդպես էլ մնաց օդում կախված, որովհետև կամ պիտի ասես, որ ազատ է, կամ պիտի ասես՝ ազատ չի, կամ պիտի ասես՝ եսի՞մ։ Բայց բացատրությունը, ես չէի ասի, որ հօգուտ մեր մամուլի ազատության է»,- ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ այսօր կարևոր է լուծել մամուլի, գովազդային և սպառման շուկաների խնդիրը։ «Եթե ուզում եք ազատ մամուլ, իսկապես պետք է այդ ազատությունների գիտակցությունն ունենալ, բայց դա պետք է պայմանավորված լինի շուկայով։ Մենք փաստորեն շուկա չունենք։ Իհարկե, կա շուկա, որը բազարի նման է, բայց ոչ թե քաղաքակիրթ։ Եվ այս բոլորի մեջ յուրաքանչյուր լրատվամիջոց և լրագրող իրենց գոյատևման պայքարն են մղում»,-նշեց Ավետիքյանը։
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նաև հենց իրենց՝ լրատվամիջոցների պատասխանատուներին։ Ըստ նրա՝ իրենք չունեն կորպորատիվ շահերի գիտակցություն։ «Այսինքն՝ մենք չենք կարող որևէ հարց լուծել, հարց, որը վերաբերում է բոլորին։ Մեկ անգամ ենք համատեղ ջանքերով լուծել մի հարց, երբ տարիներ առաջ տպագիր մամուլը մեկօրյա գործադուլ արեց և մեր երեք պահաջներից երկուսի կատարումը գոնե ապահովեցինք»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե լրատվամիջոցները միավորվում են, կարողանում են հարցեր լուծել։
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձավ մամուլի դեմ ուղղված դատական հայցերին։ «Եթե որևէ անձ կամ կազմակերպություն դիմում է փողային պահանջով թերթին, ասենք, 3 միլիոն դրամ է ուզում և դրան զուգահեռ հայտարարում է, որ նա այդ փողը կօգտագործի մանկատների կամ Հայաստան հիմնադրամի համար, դատավորը բոլոր հիմքերը ունի այդ փողային, նյութական պահանջը մերժելու։ Նյութական փոխհատուցումը բարոյական վնասի այն ժամանակ իմաստ ունի, եթե վնասված մարդը ունի դրա կարիքը, այսինքն՝ նա տառապում է նյութական ինչ-որ անբավարարությամբ և այդ 3 միլիոնը նրան կբավարարի։ Ո´չ Տիգրան Արզաքանցյանը, ո´չ մյուս օլիգարխները, ոչ էլ Քոչարյանի ընտանիքը այդ 3 միլիոնի պահանջը չունեն, հետևաբար այդ նյութական պահանջն իմաստազուրկ է դառնում»,- ասաց նա։
Արամ Աբրահամյանի կարծիքով՝ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող օրենքի կարիքը կար, սակայն դրա իրագործումը Հայաստանում շատ հապճեպ էր և սխալ։ «Եթե Ավետիքյանը «Առավոտ» թերթում ասում է, որ Պողոսը լավ մարդ չի, Պողոսը պետք է Ավետիքյանի´ն դատի տա, ոչ թե «Առավոտ» թերթին։ Այսօր դա հստակ չէ, այդ պատճառով են տուժում լրատվամիջոցները։ Նրանք բոլորը պահանջում են 2 միլիոն զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի համար և 3 միլիոն փաստաբանական ծախսերի համար։ Դա հսկայական գումար է, աստղաբաշխական»,- ասաց Արամ Աբրահամյանը։
«1997-ից այս կողմ մենք քննարկում ենք ինքնակարգավորման հարցերը։ Եվ մեզ հաջողվեց գոնե որոշ լրատվամիջոցների, որոնց թիվը հիմա մոտավորապես 40 է, միավորվել և ընդունել վարքականոն։ Մեզնից շատ-շատ առաջ մամուլի մարդիկ միավորվել են ասել են՝ եկեք մենք մեզ ապահովագրենք դատարաններից, այսինքն՝ պետական միջամտություններից։ Մենք ինքներս դատենք մեզ, որի արդյունքում տարբեր-տարբեր երկրներում ստեղծվել են ինքնակարգավորման այդ ամբողջ մեխանիզմները»,- ասաց Հակոբ Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծի ընդունումը այն ժամանակ ողջունելի կլիներ, եթե Հայաստանն ունենար անկախ դատարաններ։ «Այլապես դա չի աշխատի, մենք կգնանք այսպես սնանկացման։ Անցած 15 տարիների ընթացքում միայն մեկ թերթ էր գնացել սնանկացման»,- ասաց Ավետիքյանը։ Ըստ նրա՝ շատ լավ կլիներ, որ Քոչարյանների ընտանիքը դատի տար թերթերին և որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջեր խորհրդանշական 1 դրամ, ինչը զարգացած շատ երկրներում է կիրառվում։ Խմբագրի խոսքով՝ այսօր հայաստանյան թերթերի վիճակը շատ խղճուկ է։ «Մեր թերթերի մեծ մասը ստեղծվել են տկար ֆինանսական հիմքի վրա։
Մենք թերթեր ունենք, որոնց համար ավելի քիչ կապիտալ ներդրում է կատարվել հիմնադրման ժամանակ, քան թե, ներեցեք արտահայտությանս համար, փողոցի բուտկայի համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հենց սենսացիաների միջոցով կայանալու արդյունքում են թերթերը հայտնվում դատարաններում։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հարցերի պատասխանատու Գեղամ Մանուկյանն էլ նշեց, թե Հայաստանում ազատ մամուլի կայացմանը խոչընդոտում են մասնագիտացումը, համաձակությունն ու ֆինանսները։ Ըստ նրա՝ մամուլի և հեռուստատեսության վիճակը Հայաստանում օրեցօր վատանում է։ Նա նաև նշեց, որ Հայաստանում հեռուստաընկերություններն ավելի կաշկանդված են, քան թերթերը։

No comments: