Wednesday, May 4, 2011

Իրաքի խորհրդարանի ղեկավարն առաջիկայում կայցելի Հայաստան

HayNews.am. 4-5-2011- Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն ունեցավ մի շարք հանդիպումներ:
Նախևառաջ, Մուրադ Մուրադյանը հանդիպեց Իրաքի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օսամա Ա. Ալ-Նաջայիֆի (Usama Abdu’l Aziz al-Nujayfi) հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշեցին երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամությունը: Քննարկվեցին երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու և նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:
Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Իրաքում ապրող հայերի
դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչը լավ հիմք է Իրաքի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու խորացման համար:
Դեսպան Մուրադյանը, փոխանցելով Իրաքի խորհրդարանի նախագահին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելելու հրավերը, հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն ձևավորել է հայ-իրաքյան միջխորհրդարանական խումբ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ:
Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի Բարձրագույն կրթության նախարար Ալի Մ. Ալ-Ադիբի (Ali M. Al-Adeeb) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարարությունում առկա որոշ խնդիրները:
Դեսպանը նշեց Իրաքի ուսանողների` Հայաստանի համալսարաններում
բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, մասնավորապես` այն հաստատություններում, որտեղ դասավանդումը կազմակերպված է անգլերեն:
Դեսպան Մուրադյանը Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի ներկայությամբ հանդիպեց Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Դեսպանը
ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին:
Նա հույս հայտնեց, որ իրաքահայությունը դեսպանության աջակցությամբ ակտիվորեն կմասնակցի տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:

No comments: