Wednesday, May 4, 2011

ԻՆՉՈՒ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ

«Lragir».4.5.2011: Ուսամա Բեն Լադենը չէր կարող թաքնվել որեւէ արաբական երկրում, քանի որ բոլոր արաբական երկրներոը գտնվում են ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ որոշակի պայմանավորվածությունների ռեժիմում: Իսլամական այլ երկրները Նեմ Լադենին միշտ դիտարկում էին որպես մի օտար ու բավական վտանգավոր երեւույթ, սեփական շահերի տեսանկյունից:
Իրանը եւ տարբեր երկրների շիա համայնքները Ալ Կաեդան սկզբունքորեն դիտարկում են որպես թշնամական նախաձեռնություն եւ նախագիծ: Ալ Կաեդայի առաջնորդին հանձնեցին պակիստանցիները, ճիշտ ժամանակին ու հանգամանքներում, քանի որ այդ նախագիծը դարձել էր սպառնալիք Պակիստանի համար` որպես ամբողջական եւ քիչ թե շատ կայուն պետության:

Պակիստանի նպատակներից մեկը իսլամական բոլոր շարժումների եւ խմբերի վրա վերահսկողություն հաստատելն է, եւ Ալ Կաեդան արդեն դարձել էր լիովին վերահսկելի, իսկ Բեն Լադենը վաղուց դադարել էր այդ կազմակերպության գործուն առաջնորդը լինելուց եւ կորցրել իր բոլոր դիրքերը: նա դադարել էր պետքական լինել Պակիստանին եւ Աֆղանստանում իր գործընկերներին:

Նրա ոչնչացումը նմանապես վկայում է, որ Պակիստանի ռազմական վերնախավը փորձում է պահպանել սեփական պետությունը եւ պատասխանել երկրի ապագայի վերաբերյալ ամենասարսափելի հարցերին: ԱՄՆ, թերեւս, առայժմ չի ծրագրում Պակիստանի մասնատումը եւ փորձում է պահպանել Պակիստանի ամբողջականությունը: Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ հասկանում է, որ Պակիստանի, ինչպես նաեւ Աֆղանստանի բաժանումը անխուսափելի է, քանի որ Հարավային Ասիայում ներկայում գործող կոնֆիգուրացիան, որ ստեղծել է Մեծ Բրիտանիան, վաղուց չի աշխատում եւ կենսունակ չէ:

Բեն Լադենի ոչնչացումը պակիստանցիների եւ ամերիկացիների միջեւ պայմանավորվածության փորձի տարրերից մեկն է: Պակիստանի մասնատման սպառնալիքը դեռ հեռու է, բայց մերժված չէ որպես աշխարհքաղաքական գաղափար: Պետք է ուշադրության առնել, որ իսլամական արմատական շարժումները մարում են, եւ դա տեղի է ունենում ավելի արագ, քան ենթադրում էին ամերիկացի ու բրիտանացի փորձագետները:

Իսլամ արմատականությունը կորցնում է իր ներուժը, եւ համապատասխան շարժումների առաջնորդները սկսել են սեփական ապագայի որոնումները: Առանձին տարածաշրջաններում լարվածությունը կպահպանվի, օրինակ, Հյուսիսային Կովկասում, ինչ ունի բացառապես հակառուսական նշանակություն:

Իսլամական շարժումները չկարողացան նախաձեռնություններ առաջադրել արաբական հեղափոխությունների ներկայիս փուլում, ինչը խոսում է դրանցում առկա խոր ճգնաժամի մասին: Այդ կապակցությամբ, կարելի է ենթադրել, որ Բեն Լադենին հանձնել են ոչ միայն պակիստանցիները, այլեւ նրա մերձավորներն ու զինակիցները:

“Հանձնում-ընդունում” գործընթացն արդեն կատարվել է, եւ ներկայում պետք է սպասել իսլամական այլ շարժումների ու խմբերի հայտնվելն ասպարեզում, նվազ արմատական, առավել ինտելեկտուալ եւ քաղաքական: Նրանց համար ասպարեզը մաքրված է, ժամանակը չի սպասում: Ըստ ամենայնի, էթնո-իսլամական հասարակությունների հավասարակշռության ձգտումը կհանգեցնի, սոցիալական հեղափոխություններին զուգահեռ, աշխարհքաղաքական կառուցվածքների վերանայման, պետական սահմանների փոփոխության եւ նոր պետությունների ստեղծման: Այն ամենը, ինչ ստեղծվել է վերջին 200 տարում, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի եվրասիական աշխարհքաղաքականության արդյունքում, վերանայվելու է:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: