Tuesday, May 3, 2011

ԲՐԱՅԶԱՆ «ՀԱՍԿԱՑՐԵՑ» ԲԱՔՎԻՆ

«ԱԶԳ», 03-05-2011- Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az կայքը, երեկ հարեւան երկրի Իսմայիլյան շրջանում` Ընտանիքի եւ երեխայի պետական կոմիտեի կազմակերպած հանդիպման ժամանակ Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ Ադրբեջանը ուժեղ եւ անկախ կլինի, կկարողանա ապահովվել իր ապագան, եթե լավ հարաբերություններ զարգացնի ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ»: Փաստորեն, ստացվում է, Ադրբեջանի ղեկավարությունը մինչ այդ «չէր հասկացել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերվելու կարեւորությունը»: Հիշեցնենք, վերջին օրերին Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները բավական հակասական էին. Բաքուն միակողմանի չեղյալ հայտարարեց ԱՄՆ-ի հետ նախատեսված համատեղ զորավարժությունները:
Նախագահ Ալիեւը, ինչպես նաեւ Միլի մեջլիսի որոշ պատգամավորներ «Օտար ուժերին մեղադրեցին Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ»: Սրանից անմիջապես հետո Բրայզան մեկնեց Նախիջեւան, «բարձրաձայն հետաքրքրվեց» հայկական խաչքարերով, այնուհետեւ բարձրաձայնեց նաեւ փաստը, որ «տեղական իշխանությունները մերժել են իրեն»: Այս ամենից հետո Բաքվում ԱՄՆ դեսպանը Հարավային Կովկասում ամերիկյան դեսպանների հանդիպում նշանակեց Թբիլիսիում: Նույն օրերին տարածաշրջանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն, իսկ Բաքու ժամանեցին ամերիկացի 6 կոնգրեսականներ: Երեւանում ԱՄՆ դեսպանատնից հաղորդեցին, որ դեսպան Յովանովիչը Թբիլիսի չի մեկնի, իսկ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը Թբիլիսիում կներկայացնի փոխդեսպան Բրյուս Դայնահաուն: Մինչդեռ երեկ ադրբեջանական Vesti.az-ը, հղում անելով ANS TV-ին, տեղեկացրեց, որ «Թբիլիսիում տեղի է ունեցել Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանների հանդիպում»:
Այս կապակցությամբ Բրայզան ադրբեջանական հեռուստաալիքին ասել է. «Մենք` դեսպաններով, պարբերաբար հանդիպում ենք, տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ունեցած դիրքորոշումները հստակեցնում: Ես չեմ կարող ամեն օր հետաքրքրվել ինչպես Երեւանում եղած ԱՄՆ դեսպանի, այնպես էլ Թբիլիսիի մեր գործընկերոջ աշխատանքով, այսպիսով առաջանում է աշխատանքը կոորդինացնելու անհրաժեշտություն»: Բրայզան, կրկին անդրադառնալով Ադրբեջանի հետ համատեղ չկայացած զորավարժություններին, ընդգծել է. «Կարեւոր չէ զորավարժությունների անցկացումը, կամ թե երբ կանցկացվի: Շատ ավելի կարեւոր է, որ մենք շարունակենք մեր գործակցությունը այս եւ այլ ոլորտներում: Օրինակՙ նավթագազային ոլորտում»:
Այս հայտարարությունից հետո արդեն Բրայզան, ինչպես վերը նշեցինք, Իսմայիլյան շրջանում հանդես եկավ «Ադրբեջանի իշխանությունը հասկացել է...» հայտարարությամբ: Արդյո՞ք Բաքվին «հասկանալ» հորդորել կամ միգուցե «ստիպել են» Թբիլիսիում ԱՄՆ դեսպանների հավաքն ու այնտեղ քննարկված թեմաներն ու անհանգստությունները: Եվ, մի՞թե պատակահան էր, հենց այն օրերին, երբ Թբիլիսիում ընթանում էր «ամերիկյան հավաքը», քաղաքագետ Հեյդար Ջամալի հայտարարությունը, թե Ադրբեջանում Արեւմուտքը հեղափոխություն է նախապատրաստում եւ դրա համար պետք է օգտագործվի ԱՄՆ դաշնակից Վրաստանի տարածքը»: Այս հարցերին դժվար է միանշանակ պատասխանել, փոխարենը ակնհայտ է, որ այս ամենից Բաքուն իրոք կարող է շատ «բաներ հասկացած լինի»:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: