Tuesday, May 3, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ Է

Ուստի... Ադրբեջանը նոտա է հղել Շվեյցարիային
«ԱԶԳ», 03-05-2011- Երեկ Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Շվեյցարիա: Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռենե Ժերմանիեի հետ: Նախատեսվում է նաեւ նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սերժ Սարգսյանը երեկ այցելեց Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում ծանոթացավ Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, դիտեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հայաստանի նախագահը ներկա գտնվեց նաեւ հայ մատենագրության թվանշանային գրադարանի շնորհանդեսին, այցելեց արդի արվեստի ցուցահանդես:
Ժնեւում մեկնարկած Գրքի միջազգային ցուցահանդեսի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր բողոքի նոտան է հղել Շվեյցարիայի ԱԳՆ-ին: Ինչպես տեղեկացնում են հարեւան երկրի լրատվական գործակալությունները, Բաքուն դժգոհում է շվեյցարացի կազմակերպիչներից, որ «ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարում ցուցադրվում են տարբեր նյութեր, որոնք խեղաթյուրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այս կապակցությամբ Շվեյցարիայում եւ Լիխտենշտեյնում Ադրբեջանի դեսպանատունը իր բողոքն է հայտնել Շվեյցարիայի ԱԳՆ-ին: Դեսպան Մուրադ Նաջաֆբեյլին ցուցահանդեսի կազմակերպիչներ Բեռնարդ Գուտինի եւ Ադելին Բոյի հետ հանդիպմանը իր վրդովմունքն է հայտնել, որ «Հայաստանի տաղավարում ցուցադրվող նյութերում պատմական ճշմարտությունը խեղաթյուրված է»: Դեսպանը պահանջել է հանել այդ նյութերը հայկական տաղավարից: Բեռնը պաշտոնապես դեռ չի պատասխանել Բաքվի նոտային, մինչդեռ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատմությունը խեղաթյուրող նյութերը» շարունակում են մնալ հայկական տաղավարում: Ավելին` դրանք հավանաբար կմնան այնտեղ մինչեւ ցուցահանդեսի փակումը` մայիսի 3-ը:
Հանրապետության նախագահի պաշտոնական այցի ընթացքում դժվար թե որեւէ մեկը «արտոնի» որեւէ նմուշի հանումը հայկական տաղավարից, մանավանդ որ դրանք ոչ մի երկրի եւ ոչ մի պատմության խեղաթյուրման մասին չեն:

No comments: