Wednesday, May 11, 2011

Խորքային անհամաձայնություն

«Լրագիր» 11-5-2011- Երեւում է, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն է խախտվել: Դա նկատելի է Մեդիամաքսին Ռոբերտ Քոչարյանի տված վերջին հարցազրույցից: Նա ոչ միայն փորձեց մարտի 1-ի պատասխանատվության շրջանակ ներգրավել այն ժամանակ դեռեւս վարչապետ Սերժ Սարգսյանին, ասելով, որ մարտի 1-ին գործելիս խորհրդակցել է նրա հետ, այլ նաեւ փառք տվեց Աստծուն, որ չի մասնակցում Սերժ Սարգսյանի եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը:
Ո՞վ է առաջինը խախտել նրանց պայմանավորվածությունը: Սերժ Սարգսյա՞նը, թե Քոչարյանը: Քոչարյա՞նն է իր իշխանատենչ ռեվանշիստական դրսեւորումներով կամ ակնարկներով Սերժ Սարգսյանին ստիպել երկխոսություն սկսել ընդդիմության հետ, գոնե Քոչարյանին զսպելու ընդհանուր հայտարարով, թե Սերժ Սարգսյանի այդ հակումներն են Քոչարյանի մոտ սրել իշխանության վերադառնալու ցանկությունը` սեփական անվտանգությունը սեփական ձեռքերում պահելու համար:
Իսկ գուցե նրանց միջեւ պայմանավորվածությունը խախտել են Հայ ազգային կոնգրեսն ու նրա համակիր զանգվածը, որոնք երեք տարի շարունակ պահելով գոնե նվազագույն տեմպը, ի վերջո կարողացան փոխել ներքաղաքական դասավորությունն ու իշխանության մեջ շահերի բախում առաջացնել: Դրան գուցե զգալիորեն նպաստեց նաեւ հանրային այլ խմբերի ակտիվությունը հասարակական-քաղաքական նշանակության այլ հարցերում, որ դրսեւորվեց քաղաքացիական թեմատիկ շարժումների, ինչպես նաեւ առկա իրավիճակի վերաբերյալ տարբեր կարգի` փորձագիտական, հրապարակախոսական, վերլուծական, մտավոր արտադրանք տվող գործունեության տեսքով, ինչը եւս նպաստեց հանրային գործոնը կենդանի պահելուն:
Հնարավոր է նաեւ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունը խախտվել է աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով: Ի վերջո, նրանք են իրենց պլանները աշխարհի հետ “համաձայնեցնում”, ոչ թե հակառակը: Հետեւաբար, երբ փոխվում են պլաններն ու մոտեցումները աշխարհում, չեն կարող չփոխվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պլաններն ու մոտեցումները: Իսկ քանի որ նրանք գտնվում են տարբեր կարգավիճակներում, ապա համաշխարհային կոնյուկտուրայի նկատելի փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնելու էր նաեւ նրանց շահերի վեկտորների նկատելի փոփոխության, ինչն էլ թերեւս հանգեցնելու էր պայմանավորվածությունների շրջանակի անկենսունակության:
Իսկ նոր պայմանավորվածությունների գալն արդեն դժվար է, քանի որ պայմանավորվում են նրա հետ, ով կոնկրետ իշխանություն ունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը ներկայում կոնկրետ իշխանություն չունի: Ինչու է Սերժ Սարգսյանը փորձում պայմանավորվել Տեր-Պետրոսյանի հետ: Որովհետեւ Տեր-Պետրոսյանն ունի կոնկրետ իշխանություն հասարակության մի կոնկրետ հատվածում: Քոչարյանի պարագայում այդպիսի կոնկրետություն չկա թե հասարակության, թե իշխանական համակարգի մասով:
Չի բացառվում նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ որեւէ պայմանավորվածություն էլ չի եղել: Խոսքն իհարկե երկարաժամկետ պայմանավորվածության մասին է: Հավանական է, որ նրանք գործել են ըստ իրավիճակի, ինչպես որ ստացվել է: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն ուներ իշխանության փոխանցման բոլորովին այլ ցանկություն, այլ ծրագիր, որտեղ առանցքային դերն ամենեւին էլ Սերժ Սարգսյանինը չէր: Համենայն դեպս, 2006-2007 թվականների ներքաղաքական, ավելի շուտ ներիշխանական զարգացումները վկայում էին հենց դրա մասին: Շատերը կարծում են, որ այդ ժամանակ ՀՀԿ-ԲՀԿ բավական սրված փոխհարաբերությունն ու լուրջ մրցակցությունը, որ շարունակվեց ընդհուպ 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանի ընտրության օրվա կեսօր, ընդամենն իմիտացիա էր: Բայց պարզ հարց է առաջանում, թե իշխանությունն իմիտացիայի ինչ կարիք ուներ, եթե այդ ժամանակ երկրում ընդդիմություն, որպես այդպիսին, որպես իշխանությանը լուրջ մտահոգություն պատճառելու ունակ ուժ, գոյություն չուներ:
Թերեւս նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ իրավիճակային պայմանավորվածություն է եղել, միգուցե տարբեր ներքին ու արտաքին գործոնների ազդեցությամբ, իսկ խորքային առումով երկու գործիչների միջեւ եղել է լուրջ անհամաձայնություն քաղաքական կարիերայի հետագա ընթացքի շուրջ: Եվ բնական է, որ իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ, իրավիճակային պայմանավորվածությունները կորցնում են իրենց “տեսքը”, փոխարենն առավել տեսանելի են դառնում խորքային անհամաձայնությունները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: