Tuesday, June 7, 2011

«Հենց Ադրբեջանի նման քաղաքականության արդյունքում են ծնվում արյունարբու ահաբեկիչներ»

Panorama.am. 7-6-2011- «Ադրբեջանում պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում»,- մեկնաբանելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Ըստ բանախոսի, հատկանշական է այն փաստը, որ ըստ զեկույցի, չնայած Ադրբեջանում առկա է հայկական համայնք, սակայն հայերի նկատմամբ ատելությունը այնպիսի չափերի է հասել երկրում, որ վերջիններս, ելնելով զուտ անվտանգության նկատառումներից, հնարավորություն չունեն բարձրաձայնել սեփական ազգային պատկանելության մասին:
Վարուժան Գեղամյանը շեշտեց, որ հայերի նկատմամբ սերմանվող ատելության ամենավառ ապացույցը Ադրբեջանի կրթական ոլորտի ուսումնասիրությունների արդյունքներն են:
«Ուսումասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ տարրական դասարանների համար նախատեսված դասագրքերում հայերը միանշանակ ներկայացված են որպես խիստ բացասական կերպարներ»,- նշեց Վարուժան Գեղամյանը:
Ըստ Վարուժան Գեղամյանի, հենց նման քաղաքականության արդյունքում են ծնվում այնպիսի արյունարբու ահաբեկիչներ, ինչպիսին Ռամիլ Սաֆարովն է:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է իր հերթական զեկույցը, որում մասնավորապես անդրադարձ է կատարվել Ադրբեջանին և նրա կողմից դրսևորվող քայլերին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը թե՛ պաշտոնապես, թե՛ ԶԼՄ-ների միջոցով շարունակ բացասական հիշատակումներով է ներկայացնում Հայաստանը, ինչը հանգեցնում է հայի բացասական ընկալմանը և խտրականության ենթարկվելու առումով ավելի խոցելի դարձնում նրանց:

No comments: