Բաբայանը համոզված է, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը առավելագույնը կարող է ինչ–որ հայտարարություն ընդունվել։ «Չեմ կարծում, որ կարող է որևէ բան տեղի ունենա՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի «Եվրոնյուզին» տված հարցազրույցում արտահայտած մտքերը, թե իրենք չեն պատրաստվում որևէ բան առաջարկել Ղարաբաղին։ Այսպիսի հոգեխանգարված մոտեցումներով չի կարող որևէ բան փոխվել»,– նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ նախագահների կազանյան հանդիպումը Արցախում տրամադրությունների փոփոխություն չի առաջացրել։ «Մենք որևէ ակնկալիք չունենք, շարունակում ենք ապրել, հզորացնել մեր պետությունը, և այստեղ որևէ աժիոտաժ չկա»,– հայտարարեց Արցախի նախագահի խոսնակը։
Նշենք, որ այսօր Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է։
No comments:
Post a Comment