Saturday, June 25, 2011

ԼՂ բանակցությունները փակուղուց դուրս կգան միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն. փորձագետ

News.am. 25-6-2011- Ղարաբաղյան բանակցությունները փակուղում են եւ դուրս կգան փակուղուց միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն ու հավելել. «Բանաձեւը շատ պարզ է, ով կառչած է ստատուս քվոյից, նա էլ դեմ է հանդես գալիս ԼՂՀ վերադարձին բանակցային սեղան»:
Նրա ներկայացմամբ, ղարաբաղյան բանակցություններում իրական բեկում կարող է արձանագրվել, եթե
ա) ինչ-որ հրաշքով Ադրբեջանը դառնա ժողովրդավարական կամ Ալիեւն ունենա 150 տոկոսանոց երաշխիքներ (պարզ չէ՝ ումից, իսկ 100 տոկոսը նրան չի բավարարում), որ փոփոխությունների արդյունքում, միեւնույն է ինքը կմնա իշխանության:
բ) Երբ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի ԼՂՀ հետ:
«Իսկ եթե թղթի վրա բեկում արձանագրվի, բայց չգործեն վերը նշված դրույթները, բեկումը կամ թուղթը կլինեն միայն ձեւական»,- նշել է նա:
Հարցին, թե Կազանից հետո ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել եւ ի՞նչ մարտահրավերներ են կանգնած Հայաստանի առջեւ, Կ. Բեքարյանը պատասխանել է. «Չեմ բացառում, որ նորից կակտիվանան խոսակցությունները պատերազմի հավանականության կամ դրա աճի վերաբերյալ:
Այդ առումով, հայկական բանակը կա եւ մնում է մեր անվտանգության պաշտպանության համար 1 գործոնն ու երաշխիքը: Եվ սա այսպես կլիներ, անկախ բոլոր հաշվարկներից` պատերազմի հավանականության ինչ-ինչ տոկոսների վերաբերյալ: Խնդիրը նույնն է եւ նույնը կլինի՝ անկախ նրանից՝ այդ հավանականությունը, օրինակ, 80% է, թե, օրինակ, 0,001%:
Երկրորդ. Մենք պիտի շարունակենք եւ ակտիվացնենք մեր աշխատանքը Ղարաբաղի միջազգային ընկալման հարցերում: Պետք է ստեղծել բոլոր հնարավորությունները, որ ԼՂՀ-ն կարողանա լիարժեք ներկայացնել իր մոտեցումները, տեսակետներն ու դիրքորոշումները»:

No comments: