Tuesday, June 14, 2011

Իշխանությունը բացատրելու բան չունի

«Լրագիր» 14-6-2011- ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ շատ հարցեր է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության ղեկավարին եւ մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավարին:
Նրանք ստիպված են եղել բացատրել, թե ինչ են արել մինչեւ հիմա, ինչու չեն բացահայտել սպանությունները, ինչ են արել Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ նա ակնկալեց բացահայտման նոր թափ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնիսկ խոսել է արտասահմանցի մասնագետների օգնությանը պատրաստ լինելու մասին:
Ըստ երեւույթին, այսպես ասած ներքաղաքական երկխոսության դադարը մի քիչ երկար ձգվեց, եւ Միացյալ Նահանգները Հայաստանի իշխանությանը փորձում է հիշեցնել շարունակելու անհրաժեշտության մասին, եթե իշխանությունն ուզում է, որ տհաճ հարցեր, ռեւիզիա չլինի: Հակառակ պարագայում, Հայաստանի իշխանությունը թերեւս ստիպված կլինի շատ այլ բաներ բացատրել ամերիկացիներին, գուցե եվրոպացիներին էլ, միջազգային տնտեսական կառույցներին էլ:
Իսկ եթե Հայաստանի իշխանությունը բացատրելու բան ունենար, ապա նախ եւ առաջ իր հասարակությանը կբացատրեր, ու այլ բացատրությունների կարիք չէր լինի: Բայց իշխանությունը բացատրելու բան չունի: Ընդ որում, բոլոր` թե քաղաքական, թե իրավական, թե տնտեսական, թե սոցիալական ոլորտներում:
Իշխանությանը մնացել է մի բան` գործել, քանի որ խոսքն արդեն ոչ միայն չի օգնում, այլ նույնիսկ աշխատում է արդեն հենց իշխանության դեմ: Օրինակ, եթե գյուղատնտեսության մասին հայտնի դեկլարացիաները չլինեին, ապա միգուցե գյուղացիների ներկայիս վիճակն այդքան էլ ցցուն եւ աչքի ընկնող չլիներ: Բայց իշխանությունը մտածեց քարոզչական էֆեկտ ստանալ հիդրոօդերեւութաբանական դրական կանխատեսումների ֆոնին, ու ստացվեց հակառակը` իշխանության խոսքը այժմ աշխատում է հենց իշխանության դեմ, որովհետեւ իրականում գյուղացուն օգնելու լուրջ եւ համալիր գործ չի եղել ու չկա, փոխարենը կարկուտը նորից բերքը կոտորեց:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: