Monday, June 6, 2011

Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լուրը

News.am. 6-6-2011- Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի` հունիսի 11-ին կայանալիք հանդիպման լուրը:
«Հայաստանի արտգործնախարարի բոլոր հանդիպումների մասին մենք հաղորդում ենք պատշաճ ժամկետներում»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում հունիսի 11-ին: «Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հանձնարարականներ են տվել արտգործնախարարներին` լուծել Սոչիի հանդիպումից հետո մնացած հարցերը»,- հավելել էր նա:
Նշենք, որ այս օրերին տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Նրանք Երեւան կժամանեն հունիսի 9-ին, իսկ այսօր հանդիպումներ են ունեցել Բաքվում: Նախատեսված է այցելություն նաեւ Լեռնային Ղարաբաղ, իսկ Հայաստան այցելության ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

No comments: