Saturday, June 25, 2011

ՀՀԿ. Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցությունները տանում է փակուղի

News.am. 25-6-2011- Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը չի կարելի ձախողված համարել, սակայն նաեւ այն չարդարացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հույսերը։ Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ առաջընթաց Կազանում չգրանցվեց Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ «Ադրբեջանը միայն ցույց է տալիս, որ բանակցում է,սակայն իրականում բանակցությունները հետեւողականորեն դեպի փակուղի է տանում։ Կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է խիստ գնահատական տա Ադրբեջանի նմանօրինակ պահվածքին»,- հայտարարեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ բանակցություններն ավելի լավ են, քան դրանց բացակայությունը։ Նա նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը ոչ մի պայմանով միակողմանի զիջումների չի գնա։

Շարմազանովն ընդգծեց Ստեփանակերտի՝ շուտափույթ կերպով բանակցային կողմ դառնալու անհրաժեշտության մասին։ ՀՀԿ-ական գործչի խոսքով, հայկական կողմը պատրաստ է արժանի պատասխան տալ Ադրբեջանի ռազմատենչ ոտնձգություններին։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային խնդիր չէ, այլ ազգերի ինքնորոշման հարց։

No comments: