Tuesday, June 14, 2011

Ադրբեջանի ՍԴ նախագահը մեղադրվում է գրագողությամբ դոկտորականի կոչում ստանալու մեջ

Panorama.am. 13-6-2011- «Ազադլիգ» թերթին հասցեագրված նամակում, որի մի օրինակն էլ ուղղված է Ադրբեջանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Մեհտիևին, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեհտիևին, աշխատակազմի հումանիտար քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ֆաթմա Աբդուլլազադեին և Ազգային ավիացիոն ակադեմիայի ռեկտոր Արիֆ Փաշաևին, ասվում է, որ Ադրբեջանի սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Ալիևը դոկտորի կոչումը ձեռք է բերել գրագողությամբ:
Նամակում մասնավորապես նշվում է. «2011 թ-ի մարտի 29-ին ՍԴ նախագահ Ֆարհադ Աբդուլլաևը «Ադրբեջանի հանրապետությունում սահմանադրության կյանքի կոչման հսկողությունն ու գործնական խնդիրները» թեմայով «իրավական գիտությունների դոկտորի» ատենախոսություն է պաշտպանել: Այդ ատենախոսությունը չի համապատասխանում գիտական աշխատանքների գաղափարին: Դա միանգամայն աչք փակելու համար հորինված և ռուսաստանյան դեսերտացիաներից ադրբեջաներեն թարգմանված գրագողություն է: Իհարկե, այդտեղ ավելացվել է 9-րդ դասարանի աշակերտի իմացության մակարդակն ունեցող հեղինակի մտքերն ու կարծիքները ևս»:

Նամակի հեղինակները պնդում են, որ դոկտորական թեզը արտագրված է Պոլովմենկո Կոնստանտին Անատոլևիչի` 2003 թ-ին պաշտպանած «Ռուսաստանում և Ուկրաինայում սահմանադրական արդարադատությունը» դիսերտացիայից և Պետրովա Իրինա Վլադիմիրովնայի` 2004 թ-ին պաշտպանած «Սահմանադրական դատարան. Ռուսաստանի դաշնության սահմանադրական հսկողության մարմին» դեսերտացիայից: Բացի այդ, Ֆ.Աբդուլլաևը ավելի վաղ Ի.Պետրովայի դիսերտացիայի 36-38 էջերը որպես իր հեղինակած հոդված ներկայացրել է «Ադրբեջանի հանրապետությունում պետական և իրավական շինարարության արդի խնդիրները» կոչված հանդեսի 2007 թ-ի 18-րդ համարում: Նամակի հեղինակը վերջում նշում է, որ Ֆ.Աբդուլլաևը «գողացել» և իր դիսերտացիայի առաջին մասի առաջին պարագրաֆում զետեղել է Ս.Վ.Բոբոտովի` սահմանադրական արդարադատությանը նվիրված մի աշխատանքի կեսը:

No comments: