Friday, June 24, 2011

ԼՂՀ-ն նույնպես Եվրոպայի Խորհրդում է

«Լրագիր» 24-6-2011- Հունիսի 24-ին Ստրասբուրգում աշխատանքը կավարտի ԵԽԽՎ հերթական նստաշրջանը: Հանդիպման գլխավոր իրադարձություններից մեկն, ինչպես նշվում էր ԵԽ պաշտոնական կայքում, Վեհաժողովում ՀՀ Նախագահի ելույթն էր: Պատահականությու՞ն, թե՞ երջանիկ զուգադիպություն, այնուամենայնիվ Կազանում ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը նախորդած այս ելույթը լավագույն առիթն էր ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիրքորոշումն ի լուր եվրոպական հանրության հնչեցելու: Եվ այդ առիթն հնարավորիս օգտագործվեց:
Եվրոպական հանրության ճնշող հատվածի համար “Լեռնային Ղարաբաղը” հակամարտություն է: Թերեւս հենց այս հանգամանքով էր պայմանավորված ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ձեւավորումը. կա հակամարտություն, որի կարգավորմանը մասնակցություն ցուցաբերելը առաջադեմ հանրության պարտքն է: Մինչդեռ իր ելույթում ՀՀ նախագահն ընդգծեց, որ Արցախն իր բնակչությամբ եւ տարածքով ԵԽ անբաժանելի մասն է, որի խնդիրների կարգավորմանը նպաստ բերելու համար անհրաժեշտ է նախ՝ ծանոթանալ դրանց:
“Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է. Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Թեկուզ դեռ չճանաչված, բայց, միևնույն է, մաս: Գիտակցո՞ւմ ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը Եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ՞ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդը ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն: Եվ չի՞ լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն Կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որևէ հարց, ի դեպ՝ նույն ղարաբաղցիների մասնակցությամբ”,- հայտարարել է ՀՀ Նախագահը ԵԽԽՎ-ում:

Այսպիսով, կազանյան հանդիպումից առաջ ԵԽԽՎ ամբիոնից ընդգծվեց Արցախի՝ միջազգային սուբյեկտ լինելու փաստը: Այս հանգամանքն առավել քան կարեւոր էր հատկապես կազանյան հանդիպումից առաջ, որտեղ հնարավոր է կողմերը համաձայնեցնեն ղարաբաղյան կարգավորման սկզբունքները: Ասվածը որոշակի ակնարկ է նաեւ՝ ուղղված ԵԱՀԿ-ին, քանի որ, նույն տրամաբանությամբ, Արցախը նաեւ ԵԱՀԿ տարածք է: Թերեւս վաղուց է հասունացել անհրաժեշտությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող այս կառույցը սկսի անմիջականորեն աշխատել հենց ԼՂՀ հետ:

Ինչեւէ, ԵԽԽՎ իր ելույթում՝ կազանյան հանդիպումից առաջ, ՀՀ Նախագահը հստակեցրեց նաեւ հայկական դիրքորոշումը կարգավորման գործընթացում:
“Կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն՝ առաջընթացի ակնկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն ու դրանց լիարժեք իրականացումը հնարավոր է միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի` ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու` ի վերուստ տրված իրավունքը”,-հայտարարել է Ս. Սարգսյանը ԵԽԽՎ ելույթում:

Այսպիսով, ՀՀ Նախագահն ընդգծում է, որ արցախցիների՝ սեփական ճակատագիրը վճռելու կամ ինքնորոշման իրավունքը երբեւէ չի կարող սակարկման առարկա հանդիսանալ, մյուս կողմից հստակեցնում, թե Կազանում համաձայնության ձախողման դեպքում, ում վրա ընկած կլինի բանակցությունները տապալելու պատասխանատվությունը:

“Հայաստանի կառավարությունը երբեք տարածքային պահանջ չի ներկայացրել /Ադրբեջանին/, նաև հայտնի է, որ այսօր ՀՀ–ն դեռ չի ընդունել ԼՂՀ անկախությունը։ … Ազգերի ինքնորոշումը, հասկանալի, ընկալելի և ընդունելի /սկզբունք/ է այն պատճառով, որ վերջին 20 տարում հենց այս սկզբունքի հիման վրա մի քանի տասնյակ պետություններ անկախացան։ Այստեղ ադրբեջանցիներն ունեն տարակարծություն. նրանք պնդում են, որ ազգերի ինքնորոշումն ընդունում են, բայց կոնկրետ դեպքում՝ Ղարաբաղն ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Մենք ասում ենք, որ “խուզած” ինքնորոշման մասին է խոսքը։ Ինքնորոշման իմաստն էլ այն է, որ տվյալ ժողովուրդն ինքը որոշի իր կարգավիճակը։ Խնդիրը սա է։ Մենք վերապահում չունենք, պարզապես այն երկրները, որոնք չեն ուզում՝ խնդիրը լուծվի, տարբեր պատճառներ են մատնանշում այս սկզբունքների կապակցությամբ”,- հայտարարում է Ս. Սարգսյանը ԵԽԽՎ ելույթին հաջորդած հարց ու պատասխանի ժամանակ:

ՀՀ Նախագահի՝ ԵԽ աշխատանքային այցին զուգահեռ Բրյուսել էր այցելել նաեւ Ադրբեջանի նախագահը՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների նպատակով:

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը եղել է նաեւ Իլհամ Ալիեւի քննարկումների օրակարգում: ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ի. Ալիեւը մասնավորապես նշել է. “Հատկապես հուսադրող են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ղեկավարների այն հայտարարությունները, թե ղարաբաղյան հարցում status quo-ն անընդունելի է, այն պետք է փոփոխվի, եւ որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Վերջինս համատեղում է տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Սրանք միմյանց հակասող սկզբունքներ չեն: Անհրաժեշտ է այնպիսի կարգավորում, որի շրջանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կպահպանվի”:

Թերեւս պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահն իր խոսքում հղում է կատարում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, այլ անդամ-երկրներին, որոնց թվում է՝ Թուրքիան: Մյուս կողմից, Իլհամ Ալիեւը մոռանում է էական մի հանգամանք. Հելսինկյան եզրափակիչ ակտն ամենեւին էլ չի սահմանում, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է իրացվել տարածքային ամբողջականության պահպանմամբ միայն: Հետեւաբար, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը, մնում է ենթադրել, որ Կազանում կողմերին այնուամենայնիվ չի հաջողվի ղարաբաղյան կարգավորման սկզբունքների համաձայնեցման շուրջ փաստաթուղթ ստորագրել:

No comments: