Tuesday, June 7, 2011

Մամեդյարով. Լեռնային Ղարաբաղում խաղաղարար ուժեր տեղակայելու պայմանավորվածություն կա

News.am. 7-6-2011- Պայմանավորվածություն կա խաղաղարար ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում: Խաղաղարար ուժերը ձեւավորվելու են ոչ համանախագահող երկրների եւ ոչ հարեւան երկրների ուժերից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտագործնախարար Էլմար Մամեդյարովը` հավելելով, որ բոլոր հարցերը «լրացուցիչ քննարկում են պահանջում»: Նրա խոսքով, խաղաղարար ուժերի տեղակայումը ներգրավված է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի փուլային, եւ այդ փուլերը փոխկապակցված են իրար հետ: Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» հանդիպմանը որոշակիացվել են հիմնական սկզբունքները. առաջին հերթին օկուպացված տարածքներից հանվելու են հայկական զորքերը, պետք է բացվեն բոոր կոմունիկացիաներն ու ճանապարհները, վերականգնվեն նախկինում օկուպացված տարածքները հարկադիր փախստականները պետք է վերադառնան հարազատ տարածքներ եւ խաղաղարար ուժեր տեղակայվեն»,- ասել է Մամեդյարովը:
Նշենք, որ հունիսի 6-ին մեկնարկել է համանախագահների տարածաշրջանային այցելությունը: Համանախագահներն արդեն եղել են Բաքվում, ապա ուղղաթիռով մեկնել են Աղդամի շրջանի Թեզեքենդ գյուղ` մասնակցելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծումանցկացվող դիտարկմանը: Դիտարկումից հետո նրանք հատելու են սահմանն ու մեկնելու են Ստեփանակերտ: Ստեփանակերտում միջնորդները հանդիպումներ կունենան հանրապետության ղեկավարության հետ: Համանախագահների այցի հաջորդ կետը լինելու է Երեւանը, ուր համանախագահները կլինեն հունիսի 9-ին: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին Մոսկվայում:

No comments: