Panorama.am. 7-6-2011- «Շատ հետաքրքիր հարցազրույց էր, ինչն իր մեջ ներառում էր հակամարտությունը կարգավորելու մի շարք ասպեկտներ: Ադրբեջանը պետք է վերջապես հասկանա, որ առանց Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել: Ա. Կասպրչիկը բացեիբաց նշեց, որ բանակցային գործընթացն իր բոլոր ասպեկտներով պետք է համաձայնեցվի Ստեփանակերտի հետ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի`«Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարությունները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:Նշենք, որ Ա. Կասպրչիկը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ բանակցություններ արդյունքները պետք է համաձայնեցվեն Ստեփանակերտի հետ, ինչպես նաև՝ ժամանակավոր կարգավիճակը ԼՂՀ ներկայիս կարգավիճակից ցածր չի լինելու:
Նրա խոսքերով, այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ երեք կողմերի առկայությունը ընդունվել է հենց ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի կողմից. «Դա այն կարևոր գագաթաժողովն էր, որի ժամանակ ԵԱՀԽ-ն վերածվեց ԵԱՀԿ-ի՝ խորհրդից դառնալով կազմակերպության»:
Ըստ բանախոսի՝ Կասպրչիկը ասել է այն, ինչ պետք է ասեր, քանի որ այդպիսին է ԵԱՀԿ մոտեցումը:
«Ճիշտ է՝ համանախագահները մշտապես հանդիպումներ են ունենում նաև ԼՂՀ իշխանությունների հետ, սակայն դա մեզ չի բավարարում: Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ»,- ասաց Դ. Բաբայանը:
Նրա խոսքերով, արդեն բոլորի համար էլ հստակ է, որ Արցախը այլևս չի կարող վերադառնալ իր նախկին կարգավիճակին կամ ունենալ այնպիսի կարգավիճակ, ինչը կարող է ավելի ցածր լինել այսօր ունեցած կարգավիճակից:
«Պակաս կարևոր խնդիր չէ նաև անվտանգության խնդիրները, քանի որ մեզ համար ակնհայտ է, որ 1988 թվականի սահմաններով մենք չենք կարող գործել որպես լիարժեք անկախ պետություն: Ուղղակի անհնար կլինի ապահովել սեփական անվտանգությունը: Այս մասին ևս, այդ հարցազրույցում Կասպրչիկն անուղղակի ձևով խոսել է»,- ասաց Դ. Բաբայանը:
Նրա համոզմամբ, խնդիրները շատ են, գործընթացը աշխատատար և կողմերը շատ գործ ունեն անելու հարցի լուծումն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:
No comments:
Post a Comment