Այդպիսով, փաստացի ստացվում է, որ Պուտինին Հայաստան է հրավիրում հենց Ծառուկյանը: Իհարկե, ուղղակիորեն այդպիսի հրավեր չկա, բայց եթե դա արվում է նրա հովանու ներքո անցկացվող երիտասարդական հավաքի առիթով, իսկ հրավերը նախաձեռնող կառույցի ղեկավարն էլ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահան Բաբայանն է, ապա ըստ էության ստացվում է, որ հրավերն անուղղակի հղում է հենց Գագիկ Ծառուկյանը:
Այդ համատեքստում կարող են տեղի ունենալ բավական հետաքրքրական զարգացումներ: Մասնավորապես, վարչապետ դառնալուց ի վեր Վլադիմիր Պուտինը Հայաստան այդպես էլ չի եկել, թեեւ երեւի թե կասկած չկա, որ Հայաստանի թե վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանն ուրախ կլինեին նրան ընդունել Հայաստանում: Այդպիսով, կարելի է ասել, որ Պուտինը փաստացի դրանով վերաբերմունք է ցույց տվել Հայաստանի իշխանության հանդեպ: Եթե նկատի ունենանք նաեւ Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական կապերը, ապա պատկերը թերեւս դառնում է էլ ավելի ինտրիգային:
Եվ եթե ՌԴ վարչապետն ընդունի “Հայաստանի երիտասարդական կառավարության” հրավերն ու հյուրընկալվի ԱՊՀ երիտասարդական հավաքին Ծաղկաձորում, ապա այստեղ արդեն ստացվում է շատ հետաքրքիր իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությանն այդպես էլ չի հաջողվել Պուտինի այց կազմակերպել Հայաստան, իսկ ահա երիտասարդական կառավարությանը դա հաջողվում է: Եվ փաստացի, դա հաջողվում է Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ եթե Պուտինն ընդունի հրավերն ու մասնակցի երիտասարդական հավաքին, որն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, ապա կստացվի, որ Պուտինը Գագիկ Ծառուկյանին է հյուր գալիս:
Կասկած չկա, որ այդ դեպքում տվյալ իրադարձությունը կամա թե ակամա ձեռք է բերում բավական լուրջ քաղաքական համատեքստ, հատկապես նկատի ունենալով այն, որ Ռուսաստանում շարունակվում է պահպանվել եւ գուցե նույնիսկ հասունանալ Պուտին, թե Մեդվեդեւ նախագահական ինտրիգը: Եթե Պուտինը գա Ծաղկաձոր, ապա դա ուղղակի թե անուղղակի կգրանցվի ԲՀԿ քաղաքական հաշվեկշռին: Եվ այստեղ հարց է առաջանում, թե այդ հաշվեկշռում ներկայում ինչ դերակատարում, մասնակցության կամ ներգրավվածության ինչ չափ ունի Ռոբերտ Քոչարյանը: Երեւի թե կասկած չկա, որ գալու դեպքում Պուտինը Ծաղկաձորում կհանդիպի նաեւ Քոչարյանի հետ, եւ նույնիսկ պետք չէ բացառել, որ Քոչարյանն էլ նրա հետ միասին դառնա ԱՊՀ երիտասարդական հավաքի հյուրը:
Ամբողջ հարցն այժմ թերեւս այն է, թե արդյոք Պուտինը կընդունի հրավերը: Թերեւս հետաքրքրական կլինի նաեւ, թե չընդունելու դեպքում արդյոք կլինի պաարզապես լռություն, թե կլինեն որոշակի ձեւակերպումներ: Հետաքրքիր է նաեւ, թե ինչպիսին կլինեն այդ ձեւակերպումները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment